ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ստեղծագործական միությունների շենքերը 1990 թվականին չպետականացնելը եղել է պետության որոշումը, և Կադաստրի կոմիտեի բոլոր աշխատակիցները շարժվել են օրենքի տառին համաձայն։ Այս մասին Հայաստանի ստեղծագործական միությունների ընդհանրական ասուլիսում հայտարարեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների համատեղ ասուլիսը
© Sputnik
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Հետևաբար հետագայում շենքերը որպես ՀԿ-ների սեփականությունը գրանցելն իրականացվել է իրավական խախտումով, քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Խոսքը ոչ միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքի և Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքի մասին է, այլև Սևանա լճի թերակղզում գտնվող Գրողների հանգստյան տան։
«Կադաստրի պետական կոմիտեում ստեղծագործական միությունների շենքերի մասնավորեցումները եղել է տարբեր տարիներին, տարբեր աշխատակիցների կողմից, և դա չի եղել իրավախախտում, այս գույքը համարվել է մեր սեփականությունը և տրվել է մեզ Հայաստանի անկախացումից հետո։ Պետք է շեշտել, որ Սովետական միության տարիներին էլ սա եղել է մեր սեփական գույքը»,–ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ստեղծագործական միությունների նախագահները և հասարակական կազմակերպությունները դիմում–նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին ` հանդիպման ակնկալիքով։
«Մենք պետք է քննարկենք այս ամենը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում նաև ԱԺ պատգամավորների հետ կհանդիպենք։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շահագրգիռ բոլոր կողմերի հետ հանդիպել, քննարկել այս որոշումը։ Բայց այս ամենը ժամանակ է պահանջում, և եթե հոկտեմբերի 30–ին դատախազությունը որոշում կայացնի և շենքերը պետականացվեն, մենք էլ ի՞նչ օրենք ենք քննարկելու։ Մենք այդ ամենը հիմա պետք է անենք, ամիսներ շարունակ քննարկումներ են եղել, որոնցից ոչ մեկին մեզ չեն հրավիրել»,–ասաց նա։
Սուրեն Սաֆարյանն ու Էդվարդ Միլիտոնյանը
© Sputnik
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր , որ Հայաստանի Գրողների և Նկարիչների միությունների շենքերը պետական են եղել, և սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Հայց է ներկայացվել դատարան՝ Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ «Հայաստանի նկարիչների միության» սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով: