2023–ի սեպտեմբերի 24-ին, 10 ամսվա շրջափակումից հետո, բացվեց Բերձորի միջանցքն ու սկսվեց արցախցիների զանգվածային բռնագաղթը։ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվեց 115 365 մարդ։ Տվյալները պաշտոնական են։
Առաջինը, որ համակարգված ընդունեց արցախցիներին, Գորիսն էր։ Սյունիքում հաստատված արցախցիների մեծ մասը՝ 1124 մարդ, ապրում է հենց Գորիս համայնքում։
Քո ազգն ավելի թանկ ա, քան մի 2 կոպեկը
Բռնի տեղահանության օրերին ու դրանից հետո էլ բավականին երկար ժամանակ Գորիսի բոլոր հյուրանոցային տնտեսություններն արցախցիներին էին հյուրընկալում։ «Մթնաձոր» հյուրանոցում արդեն իսկ մի քանի տասնյակ արցախցիներ ապրում էին, որոնք Բերձորի միջանցքի փակվելու պատճառով չէին կարողացել տուն վերադառնալ։ Թեպետ հյուրանոցում մոտ 60 հյուրի հնարավորություն կա, բայց ավելի քան 90 մարդ տեղավորվեց։
«Գորիսեցիք հարազատ մարդու պես ընդունեցին ղարաբաղցոց։ Անհատներն իրենց տներ տարան, մարդ կար` ասում էր՝ ես չեմ քնել, իմ տեղը տվել եմ իրենց։ Ով ինչ կարար, անում էր։ Գորիսում արդեն նստելու, հաց ուտելու տեղ չկար, մարդիկ իրենց տներում ճաշը եփում, բերում էին։ Անասնապահությամբ զբաղվող ֆերմաները պանիր, կաթնամթերք էիր ուղարկում, ովքեր խանութ ունեին, էնտեղից էին ապրանք բերում։ Իրենք շատ վատ վիճակում էին եկել, մարդ կար՝ դամաշնիկով էր, հիշում եմ, բերեցին, կոշիկ տվեցին»,- պատմում է հյուրանոցի տնօրեն Սերոբ Օհանյանը։
Սերոբ Օհանյան
© Sputnik / Aram Nersesyan
Ասում է՝ տուրիստական բոլոր ամրագրումները չեղարկեց առանց վարանելու. բիզնեսի մասին մտածելու ժամանակը չէր։
«Քո ազգն ավելի թանկ ա, քան մի 2 կոպեկը։ Բա ըրեխան սոված, ըրեխան բոբիկ, խտտին լացում ա, ո՞նց կթողես։ Եկեք հայավարի մտածենք. ես Արևմտյան Հայաստանից եմ, ոչ մեկը չունեմ։ Մենակ իմ պապն ա փրկվել, մեզ բոլորիս կոտորել են 15 թվին։ Միշտ մտածում էի՝ նեուժելի աշխարհը չէր տենում էդ սաղ, հիմա իմ աչքով տեսա, պատմությունը կրկնվեց, էլի աշխարհը` անտարբեր»։
Արցախցիներից ոմանք գրեթե մեկ տարի ապրել են հյուրանոցում։ Ամենավերջին ընտանիքը (Նազանն ու իր 5 երեխաները) դուրս է եկել մի քանի շաբաթ առաջ. պետության տրամադրած սերտիֆիկատով փոքրիկ տուն են ձեռք բերել ու տեղափոխվել այնտեղ։
Երեխեքն ուրախությունից ավտոբուսի դեմն էին կտրել
34-ամյա Նազան Գրիգորյանն ու երեխաները երկրորդ անգամ են տեղահանվում. սկզբում Իշխանաձորը կորցրին, հետո՝ ամբողջ հայրենիքը։ Ստեփանակերտից շարժվել են վերջին ավտոբուսներով, ասում է՝ արդեն հույս էլ չկար, թե դուրս կգան. ադրբեջանցիներն արդեն Ստեփանակերտի կենտրոնում էին՝ իրենցից մի քանի մետրի վրա։
Նազան Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
«Ասում էի՝ գոնե երեխեքին ուղարկեմ։ Ես որ մնամ էլ, ինչ արած... Երեխեքն ուրախությունից ավտոբուսի դեմն էին կտրել, էլ ճանապարհին խցանում էլ չկար»։
Նազան Գրիգորյանի երեխաների կոշիկները
© Sputnik / Aram Nersesyan
Գորիս հասնելուն պես դժոխքը վերջացավ։ Այստեղ հարազատի նման ընդունեցին։ Նազանն աշխատում է իրենց հյուրընկալած հյուրանոցում, պետության տված 10 միլիոն դրամով էլ փոքրիկ բնակարան է ձեռք բերել։ Տանն ընդամենը մեկ մահճակալ կա (երկրորդի տեղը չկա էլ)։ Երեխաներից որո՞նք են մահճակալին քնում։ Նազանը ժպտում է՝ ով հասցնի։
Նազան Գրիգորյանի փոքրիկ տունը
© Sputnik / Aram Nersesyan
Գորգերը փռեցինք գետնին, անկողին շատ կար
Գորիսեցի Լիդա տատիկենց տանը 20-ից ավելի արցախցիներ էին ապրում։
«Լսել էինք, որ տարհանում են։ Առավոտյան վեր կացանք, տեսանք՝ փողոցները լեփ-լեցուն են։ Մեր փողոցում էլ շարված էին մեքենաները, մոտեցա, ասեցի՝ ինչի՞ կարիք կա։ Չայ, կոֆե բերեցինք։ Ծերեր կային, երեխաներ, մի քանի ժամ հետո խիղճս տանջեց, ասեցի՝ բիրեմ մեր տուն։ Կռավաթները որ վերջացան, գորգերը փռեցինք գետնին, հարմարվեցինք։ Տանն էս ծերից էն ծերը սաղ ղարաբաղցի էին»,- պատմում է 74-ամյա տատիկը։
Տիկին Լիդան
© Sputnik / Aram Nersesyan
Տանն ամեն ինչի տեղը ցույց էր տվել, որ իրենց օտար չզգան։ Առաջին օրերին ինքն էր ճաշը պատրաստում, մի քանի օր հետո արցախցի հարսները եփել-թափել սկսեցին։ Ավելին, այնքան հարազատ էին իրենց զգում, որ էլ չէին էլ հարցնում, սուրճ, թեյ էին պատրաստում, տանում, փողոցում հավաքված արցախցիներին բաժանում։
«Մի ընտանիքի պես 10 օր ապրեցինք»։
Տիկին Լիդայի տունը
© Sputnik / Aram Nersesyan
Հրաժեշտ տալիս բոլորն էին հուզվել։ Մինչև հիմա էլ կապի մեջ են։ Լիդա տատիկին հատկապես կարոտում են նրա հետ արդեն ընկերացած արցախցի տատիկները։
Տիկին Լիդայի տան պատշգամբը
© Sputnik / Aram Nersesyan
Վերիշենը տուն դարձավ 100-ից ավելի արցախցիների համար
Տեղահանության օրերին Վերիշենը մոտ 600 արցախցու էր ընդունել, հիմա գյուղում 2020 և 2023թթ․ բռնագաղթած 120 արցախցի է ապրում։ Նրանցից ոմանք փոքրիկ բիզնեսներ են հիմնել, հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, տնամերձ հողամասեր մշակում, կենդանիներ պահում՝ օրվա ապրուստը հոգալու համար։
Նրանցից են տիկին Արեգան ու նրա ամուսինը` Վովան։ Նրանք նույնպես երկու անգամ են բռնագաղթել. սկզբում Հադրութի Ակնաղբյուր գյուղից, հետո երկրորդ տուն դարձած Մարտունուց։
Վովան ու Արեգան
© Sputnik / Aram Nersesyan
Բազմաթիվ հիվանդություններ ունեցող կինը 3 օր ճանապարհին անցկացնելուց հետո տեղ է հասել ծանր վիճակում։
«Ընդունեցին, հաց տվեցին, ոտերս լվացին»,- ասում է ու հուզվում...
Վերիշենում վարձով են ապրում, գոհ է տանտիրոջից, ասում է՝ «ղաշանգ» (գեղեցիկ) է ընդունել, ինչի կարիք տանը կար, տանտերն ինքն է բերել։ Հիմա հավեր են պահում, բանջարեղեն մշակում։
Վովայի և Արեգայի հավերը
© Sputnik / Aram Nersesyan
«Թաք լի սաղ ըլիք, ոչ մի պըն աշխարհքեն չեմ ուզիլ՝ առողջություն, մեկ էլ խաղաղություն»,- ասում է տիկին Արեգան ու հրաժեշտից առաջ էլ հպարտությամբ ավելացնում՝ ժամանակին իրեն արտասահմանյան հեռուստաընկերությունից են Արցախում նկարել․ 29 տարեկանում տատիկ է դարձել։ 61-ամյա կինն այսօր 5 երեխա ունի, 20 թոռ, 8 ծոռ, բոլորն էլ իրենցից հեռու են ապրում։ Սպասում են պետության սերտիֆիկատին, որ գոնե զավակներից մեկին մոտ տուն գնեն, էլ մենակ չլինեն։
Տիկին Արեգան
© Sputnik / Aram Nersesyan
Դժվարին իրավիճակներում լավագույն ընկերներն են գտնվում։ Այդպես եղավ 14-ամյա Տիգրանի ու 12-ամյա Արթուրի դեպքում։ Տիգրանի ընտանիքը 2020թ․ պատերազմից հետո բռնագաղթեց Իշխանաձորից։ Արցախյան ընկերները տարբեր վայրերում հայտնվեցին, բայց այստեղ՝ Վերիշենում, նոր ու հավատարիմ ընկեր գտավ՝ Արթուրին։ Միասին արդեն հասցրել են փորձություններ հաղթահարել։
Արթուրն ու Տիգրանը
© Sputnik / Aram Nersesyan
2023թ․ Արցախից բռնի տեղահանության օրերին տղաները միացան կամավորական աշխատանքներին, ու ոչ միայն գյուղում էին օգնում, այլև Գորիս գնում՝ ընդունման կայան դարձած թատրոնի շենքի մոտ սնունդ, հագուստ էին բաժանում։
Այն, թե ինչպես Գորիսն ընդունեց տասնյակ հազարավոր փախստական հայրենակիցներին, այս ընտանիքին վերջնականապես համոզեց մնալ ու հաստատվել այստեղ։
Արթուրն ու Տիգրանը
© Sputnik / Aram Nersesyan
«Էս գյուղը շատ լավն ա, շատ սիրուն գյուղ ա ու լավ մարդիկ են ապրում»,- մեծի պես ասում է Տիգրանը։
Տիգրանը ցույց է տալիս մախրե վերմակը. միակ բանը, որ բերել են Իշխանաձորից
© Sputnik / Aram Nersesyan
Վերիշենում պետության տրամադրած սերտիֆիկատով տուն են ձեռք բերել։ Հայրը պայմանագրային զինծառայող է, մայրը խանութում է աշխատում, երեք փոքր եղբայրներն էլ դպրոց ու մանկապարտեզ են հաճախում։
Կորցրած հայրենիք գտա
Տեղանությունից հետո մեծ թվով արցախցիներ Սյունիքում մնացին մի քանի պատճառով․ ոմանք, որովհետև գնալու ուրիշ տեղ չունեն, շատերն էլ մնացին, քանի որ Սյունիքում իրենց բաժին Արցախը գտան՝ սովորույթների, խոհանոցի, լեզվական նմանությամբ։ Օգոստոսի տվյալներով՝ Գորիսից հետո ամենամեծ թվով արցախցիներն ապրում են Կապան համայնքում՝ 823։
Նրանցից է վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը։
Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է։ 40 տարեկանում հասցրել է 3-4 անգամ տեղահանություն տեսնել։ Հայրն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, ինքն էլ 8-9 տարեկան երեխա էր, օգնում էր ծանր վիրավորներ, երբեմն դիակներ տեղափոխել։ Ու երևի հենց այդ տարիների տեսածն էր պատճառը, որ որոշեց՝ բժիշկ, ընդ որում՝ վիրաբույժ է դառնալու։
Գրիգորի Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Արդեն մի քանի ամիս է՝ Կապանի բժշկական կենտրոնում է աշխատում։ Բժիշկը խոստովանում է՝ այստեղ մնալու վերջնական որոշումը Խուստուփը բարձրանալուց հետո կայացրեց։
«Ես ոնց որ հայտնվել եմ իմ կորցրած հայրենիքում։ Չեմ հոգնում էստեղ, Երևանում հերթապահությունից հետո հոգնում եմ, այստեղ՝ չէ»։
Ու չնայած հոգուն հարազատ անկյուն է գտել, բայց միևնույն է՝ իր տունն Արցախում է։ Ասում է՝ ոչ մի տեղ, նույնիսկ Սյունիքում այնքան ամուր չի կանգնում հողի վրա, որքան տանը․․․
ՊԵԿ վերջին տվյալներով՝ 2023թ․ բռնի տեղահանված 23370 արցախցիների հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել, 17470 անձ աշխատանքի է անցել։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված է աշխատանք փնտրող 8756 անձ, 3917 արցախցի գործազուրկի կարգավիճակ ունի։
Կապան քաղաքում և շրջակա գյուղերում նաև արցախցի տեղահանված ուսուցիչներ են աշխատանք գտել։
Քրիստինա Ավետիսյանը ծնունդով Կապանից է, ամուսինը՝ Մեղրիից, բայց ասում են՝ իրենց տունն այնտեղ՝ Արցախում էր, որտեղ 2015-ից էին հաստատվել։ Ամուսինը զինծառայող էր, Քրիստինան էլ Մարտակերտի դպրոցում էր աշխատում՝ անգլերենի և ինֆորմատիկայի ուսուցչուհի է։
Քրիստինա Ավետիսյան
© Sputnik / Aram Nersesyan
«Շատ էինք հարմարվել, սիրում էինք Արցախը։ Պատերազմից հետո մեր տունն ավելի կարգի բերեցինք, վերանորոգեցինք ամբողջությամբ։ Երբեմն ադրբեջանցիները հաղորդագրություններ էին տարածում, թե վաճառեք ձեր տները, բայց մենք դրան չէինք հավատում»։
Տեղահանության ժամանակ մարդիկ կային՝ կահույքը ջարդում էին, սպասքը կոտրում, որ թշնամուն չմնա, բայց նրանց ձեռքը չգնաց։ Վերցրին շտեմարանները, հագուստ երեխաների համար, փակեցին տան դուռն ու բանալին իրենց հետ բերին։
Զինվորականը` ուսուցիչ
31-ամյա Արթուր Ղարամյանն Ասկերանի շրջանի Խանձք գյուղից է։ Չէր մտածի, որ մի օր ինքն էլ ուսուցիչ կդառնա։ 2011թ․-ից ծառայել է Արցախի պաշտպանության բանակում, զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանել մինչև վերջին օրը, երբ զինաթափվելու ցավոտ հրամանը ստացան։
«Եկանք էստեղ, գնացի ինստիտուտ, քննություններին մասնակցեցի, կանչեցին, թե դպրոցում ազատ տեղ կա»,- պատմում է Արթուրը։
Արթուր Ղարամյանն աշակերտների հետ
© Sputnik / Aram Nersesyan
Արդեն մի քանի ամիս է՝ աշխատում է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Զինվորական կարգապահ ծառայությունից հետո երբեմն ոչ այնքան կարգապահ աշակերտների հետ աշխատելը սկզբում այնքան էլ հեշտ չէր, բայց աստիճանաբար սովորեց, թեպետ խստությունն էլի կա։
Արթուր Ղարամյանի աշակերտները
© Sputnik / Aram Nersesyan
Արցախը Սյունիքում
Կապանի դպրոցի անմիջապես հարևանությամբ Միրզոյանների ընտանիքի փոքրիկ բիզնեսն է։ Աննայի պատրաստած փախլավաներն արդեն Կապանում անցկացվող հարսենական արարողություններում ֆուրշետների պարտադիր մաս են։ Ասկերանի շրջանի Խաչեն գյուղից են։
Միրզոյանների ընտանիքի փոքրիկ բիզնեսը
© Sputnik / Aram Nersesyan
«Գորիսում ու Կոռնիձորում շատ լավ դիմավորեցին։ Բայց էլ չտեսանք մեր տունը․․․»,- ալրոտ ձեռքերով աչքերն է չորացնում Աննան։
Մոտ 5 ամիս ապրել են Կապան քաղաքի հարևան Սյունիք (հայտնի է որպես Սովխոզ) գյուղում։
«Տանտերը ջերմ ընդունեց, ասեց՝ կտա պետությունը, կտաք տան վարձը, չի տա` չեք տա»։
Աննա Միրզոյան
© Sputnik / Aram Nersesyan
Տղաներից մեկը քոլեջում է սովորում, մյուսը՝ դպրոցի ֆիզմաթ հոսքում, աղջիկը մանկապարտեզ պետք է հաճախի, գրանցվել են, սպասում են՝ հերթը հասնի։ Իրենք էլ որոշել են սեփական գործ հիմնել. Կապանում փոքրիկ տարածք են վարձակալել, անվանել՝ «Արցախը Սյունիքում», ու Աննան սկսել է արցախյան խոհանոցի համն ու բույրը Կապանում տարածել։ Այստեղ Արցախի բոլոր շրջաններից տեղահանվածներ կան, քաղաքի միայն Աննան է արցախյան ժենգյալով հաց թխում, ուստի հիմնական հաճախորդները հենց արցախցիներն են։ Մնացած տեսականին էլ կապանցիները սիրեցին։ Անգամ աշխատող ունեն արդեն։ Փոքրիկ բիզնեսից գոհ են, ընտանիքի 7 անդամներին (ամուսիններ, տատիկ-պապիկ, 3 երեխա) այս փոքրիկ փուռն է կերակրում։
Հիմա ապրում են վարձով, սպասում են սերտիֆիկատին։ Առանց վարանելու ասում են՝ տունը հենց Կապանում են գնելու, արդեն ընկերներ ունեն։
«Ստեփանակերտի նման քաղաք ա, ժողովուրդը դուռ չի փակում, Ստեփանակերտում էլ էր տենց, իրար հետ սրճում են,- ասում է Աննան, հետո էլ ավելացնում,–բայց որ ստացվի, քինանք․․․»։
Եկ քինինք Արցախ...
Արցախցիներ են ապրում նաև Կապանի շրջակա բոլոր գյուղերում։ Լուսիկի և Նարվենի ընտանիքը Մարտունու Քերթ գյուղից է, հաստատվել են սահմանամերձ Եղվարդ գյուղում։ Երկու տղաները դպրոցական են, աղջիկը մանկապարտեզ է հաճախում, Նարվենը քաղաքում զադող է աշխատում, Լուսիկն էլ այգին է մշակում, կենդանիներ պահում։
Լուսիկը
© Sputnik / Aram Nersesyan
«Էս մարդիկ մեր ղարաբաղի լզվի նման են խոսում, դզալ ա էս գյուղն ինձ, հարևանները լավն են։ Հարևանս եկալ ա, զակատ ենք արալ։ Օգնում են, վատ չի, թութ ենք թափ տվալ, օղի եմ քաշալ։ Կարտոշկա եմ վարալ, մի պարտիա վարալ եմ, ծախալ, մի պարտիա վարալ եմ, ձմեռվա պաշար, մեկն էլ վարալ եմ, հլը չեմ քանդալ»,- արագ-արագ պատմում է Լուսիկը։
Լուսիկի սագերը
© Sputnik / Aram Nersesyan
Սպասում է սերտիֆիկատին։ Ասում է՝ մի տուն Կապանում կառնի, մեկն էլ գյուղում։ Հենց իրենց վարձած տունն էլ ուզում է գնել, որտեղ այս ամիսների ընթացքում հասցրել են կոյուղի անցկացնել, լոգարան կառուցել։ Տունը մեծացնելու, վերանորոգելու հստակ ծրագիր ունի, փայլող աչքերով նկարագրում է՝ որտեղ ինչ է անելու։
Տունը, որտեղ ապրում է Լուսիկի ընտանիքը
© Sputnik / Aram Nersesyan
Մինչ մայրը տունը վերափոխելու ծրագրերի մասին է պատմում, կրտսեր տղան երգում է՝ «եկ քինինք Արցախ, վէր խմինք էն ճիրան, թող սրտդ հուվանա, վեր ցավես տմանա...»։
Լուսիկի երեխաները
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վերջին տվյալներով՝ 2023–ին բռնի տեղահանված արցախցիներից 68 932-ը հաստատվել է մարզերում։ Ամենամեծ թվով տեղահանվածները Կոտայքի մարզում են՝ 20331, Արարատի մարզում՝ 14743, Արմավիրի մարզում՝ 10416, Լոռիում՝ 5496, Արագածոտնում՝ 4014, Գեղարքունիքում՝ 3468, Սյունիքում՝ 3439, Շիրակում՝ 3368, Տավուշում՝ 2383, Վայոց Ձորում՝ 1274։
2023թ․ սեպտեմբերից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվել է 115 365 մարդ
© Sputnik / Zara Mika