Իսրայելի Հայֆա քաղաքում 20 տարում առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել

Իսրայելի կառավարությունը երկրում 48 ժամով հատուկ դրություն է մտցրել։
Sputnik
Իսրայելի հյուսիսում գտնվող Հայֆա քաղաքում 2006 թվականից ի վեր առաջին անգամ իրական հրթիռային տագնապ է հայտարարվել։ «Հըզբոլլահ» շարժման հաղորդմամբ` խոշոր տրամաչափի հրթիռներով հարձակում է իրականացվել իսրայելական քաղաքի վրա։
Ականատեսները սոցցանցերում գրում են, որ տագնապի ազդանշաններ են հնչում ամբողջ քաղաքում, մարդիկ թաքնվում են թաքստոցներում։
Միևնույն ժամանակ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել երկրում 48 ժամով հատուկ դրություն մտցնելուն։ Կառավարությանն ու բանակին լայն լիազորություն է տրվել «կյանքեր փրկելու համար անհրաժեշտ հրահանգների հրապարակման» համար. պատսպարվել թաքստոցներում, արգելել հավաքները, սահմանափակել աշխատանքային գործունեությունը և այլն։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։