ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կոչ է անում համախմբվել համահայկական օրակարգի շուրջ։ Այդ մասին ասված է ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ հղած նրա ուղերձում։
«Իրատեսությունը մեզ պետք է մղի հավաքական կամքով ու գիտակից հանձնառությամբ պաշտպանելու Հայաստանի անկախությունը՝ հեռու պահելով տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը խաթարող բոլոր տեսակի մոտեցումներից, զիջումներից ու համաձայնագրերից»,– նշել է Արամ Ա–ն։
Նա շեշտել է՝ սեպտեմբերի 21-ը սովորական օր չէ ամբողջ հայության համար։
«Մեր պատմության ընթացքում Հայաստանի անկախության համար պայքարեցինք, ստեղծագործեցինք, նույնիսկ արյուն թափեցինք այն խոր գիտակցությամբ, որ անկախությունն աստվածատուր իրավունք է, հետևաբար սրբազան արժեք է, և նրա պահպանումն ու պաշտպանությունը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է»,- նշել է կաթողիկոսը։
Արամ Ա-ի խոսքով՝ կարևոր է ըմբռնել՝ ինչ պարտավորություն ու իրավունք ունենք մենք այսօր, երբ Հայաստանը բազմաթիվ մարտահրավերներով է շրջապատված՝ արտաքին և ներքին, որոնք կարող են խաթարել հայրենիքի անկախության հիմքերը՝ նույնիսկ հարցականի տակ դնելով նրա ինքնաիշխանությունը։
Նա հիշեցրել է, որ հայոց եկեղեցին պատմության ամբողջ ընթացքում եղել է երկրի անկախության կողքին՝ ամուր կեցվածք դրսևորելով այն բոլոր փորձերի նկատմամբ, որոնք կարող էին խաթարել հայրենիքի անկախությունը։ Կաթողիկոսը կոչ է արել նայել մեր անցյալին՝ հայրենիքի ներկան արժևորելու ճիշտ մոտեցումներ որդեգրելու համար։
Արամ Առաջինը շեշտել է` պատմության այս փուլում հրամայական է, որ մեր ժողովուրդը համախմբվի համահայկական օրակարգի շուրջ հավաքական վճռականությամբ։ Նա վստահ է՝ հենց սա է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատգամը։
Հիշեցնենք` այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձն է։ 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, և քաղաքացիների 95 տոկոսը քվեարկեց անկախ պետություն դառնալու օգտին։