ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն հայկական պատվիրակության այցը հայ–ռուսական հարաբերությունների իրական ոգու վկայումն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնել Դոնբաս։
«Դա կարևոր ներդրում էր խաղաղության գործում, մարդու իրավունքների իրական հարգանք։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը հասարակական շրջանակների հետ թույլ է տվել նրանց պատկերացում կազմել ուկրաինական ճգնաժամի իրադարձությունների վերաբերյալ։ Դա հատկապես կարևոր է Կիևի ռեժիմի հետ հայ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հաճախակի դարձած շփումների ֆոնին»,– ասել է Զախարովան։
Ինչպես նշել է դիվանագետը, այցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը։ Նա շեշտել է, որ կողմերը խոսել են ավանդական արժեքների պաշտպանության կարևության մասին, հանգամանալից քննարկել նոր մարզերի տարածքում գործող երիտասարդական ծրագրերին հայ երեխաների մասնակցության հնարավորությունը։
Զախարովան նաև մատնանշել է հումանիտար բաղադրիչը և հայ հյուրերի կողմից դեղորայքի և այլ նյութերի փոխանցումը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ շփումներում մանիպուլյացիաներ չկան, կա անկեղծություն, ազնվություն, ճշմարտացիություն: Ամփոփելով խոսքը` Զախարովան շեշտել է` Ռուսաստանը կարող է միայն ողջունել նման շփումները։