Երկու մահափորձ. մեկն ավելացրեց Թրամփի շանսերը, իսկ մյո՞ւսը

Դոնալդ Թրամփ
Sputnik
Դոնալդ Թրամփի դեմ կատարված առաջին մահափորձից հետո շատերն ասում էին՝ վե՛րջ, այս մարդը հաստատ ընտրվելու է։ Եվ իրոք, նրա վարկանիշն այն ժամանակ աճեց։ Իսկ վերջին մահափորձից հետո զարմանալի բան կատարվեց. Թրամփի մրցակից Քամալա Հարիսը ռեկորդային ցուցանիշ գրանցեց։
Ըստ «Morning Consult» խմբի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքների` նրա վարկանիշն առաջին անգամ գերազանցեց 50 տոկոսը և կազմեց 51 տոկոս, այնինչ Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների ընդամենը 45 տոկոսը։ Եվ սա հասկանալի է՝ հուլիսյան մահափորձը շատ մեծ արձագանք ստացավ, քանզի ամեն ինչ կատարվում էր տեսախցիկների առաջ՝ ձեռքը վեր պարզած արյունոտված դեմքով թեկնածու, վախեցած մարդիկ, անվտանգության աշխատակիցներ, հեռուստալրագրողների հուզիչ ռեպորտաժներ հենց դեպքի վայրից… Երկրորդ անգամ այս ամենը բացակայում էր, շատերը մինչև հիմա էլ հարց են տալիս՝ իսկ ընդհանրապես մահափորձ եղե՞լ է։
Իսկապես տպավորությունն այնպիսին է, որ եթե Սթիվեն Սփիլբերգի հայտնի կինոնկարը կոչվում է «Փրկել շարքային Ռայանին», ապա հիմա, երբ մեկուսարանում է հայտնվել 58-ամյա Ռայան Ուեսլի Ռաուտը, նրա շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է անվանել «Մոռանալ քաղաքացի Ռայանին»։ Եվ գլխավոր պատճառն այն է, որ նրա անունը կապվում է Ուկրաինայի հետ։ Այս շաբաթ CNN-ը փաստել է. «Այժմ, երբ հակամարտությունը կարծես թե վճռորոշ փուլ է թևակոխում, Ռաուտի կողմից Ուկրաինայի անթաքույց պաշտպանությունը ձեռնտու է միայն Մոսկվային»։
Պաշտոնազրկման փորձ. մեծամասնություն չունեցող խորհրդարանի հեռանկարը մեզ էլ է սպասում
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ այն ժամանակ, երբ սկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, առաջին ամիսներին Ուկրաինայի սահմանային անցակետերում և երկաթուղային կայարաններում կարելի էր հանդիպել բազմաթիվ օտարերկրացիների, որոնք երդվում էին, թե պատրաստ են կրծքով պաշտպանելու Ուկրաինան, սակայն հակամարտությունը շարունակվում էր, կամավորների ոգևորությունը մարում էր, և ի վերջո նրանք հասկացան, որ Եվրոպայում ծավալվել է 1940-ականներից ի վեր ամենադաժան զինված առճակատումը, ու այդ ինքնակոչ հերոսներն անհետ կորան՝ գիտակցելով, որ ռազմաճակատում ամեն օր կյանքը վտանգի ենթարկելը մի քիչ տարբերվում է հոլիվուդյան այն մարտաֆիլմերից, որոնցում ռեմբոները միայնակ հաղթում են մինչև ատամները զինված թշնամուն։ Բայց Ռայանը չընկճվեց։
Երբ նրան բացատրեցին, որ չեն պատրաստվում ռազմաճակատ ուղարկել կենսաթոշակի տարիքին մոտեցող մարդուն, որը կյանքում երբեք բանակի հետ չի առնչվել, Ռայան Ռաուտը որոշեց զբաղվել կամավորներին հավաքագրելով։ Մասնավորապես ուզում էր Ուկրաինա ուղարկել այն ամերիկացի զինվորականներին, որոնք Թալիբանի ճնշման տակ հեռացել էին Աֆղանստանից։ Խոստանում էր յուրաքանչյուրին ամսական վճարել 1200 դոլար։ Անհասկանալի է, թե ինչ հույսեր ուներ։ Նախ` բոլորովին պարզ չէր, թե որտեղից էր հայթայթելու փողը։ Եվ հետո, եթե խոսքը քենիացու, սենեգալցու կամ նույնիսկ ալժիրցու մասին լիներ, մի կերպ կարելի էր ակնկալել, որ նրանք կգային։ Շատ պարզ օրինակ բերեմ։ Օտտա անունով 27-ամյա նիգերիացին BBC-ին ասել է. «Ավելի լավ է` Ուկրաինայում պատերազմին մասնակցեմ, քան ապրեմ այս երկրում, որտեղ ոչ մի հեռանկար չունեմ։ Պատերազմի ավարտից հետո էլ միգուցե թույլ տան մնալ Եվրոպայում»։ Բայց զարմանալի է, որ լինելով Ամերիկայի քաղաքացի, ինչու էր Ռաուտը համոզված, թե ամերիկացին ընդամենը 1200 դոլարով կհամաձայնի կյանքը վտանգել իր հայրենիքից հազարավոր կիլոմետրերով հեռու երկրում։
Նորթոն Առաջին. Ամերիկայի «կայսրը», որին սիրում և հարգում էին բոլորը
Ոմանք ակնարկում են, որ Ռաուտը, ըստ երևույթին, հոգեկան շեղումներ ունի, սակայն նրա ընտանիքի անդամները դա հերքում են։ Նրա որդին՝ Օրանը, CNN-ին ասել է. «Հայրս շատ հոգատար, ազնիվ և աշխատասեր մարդ է, և ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես նա կարող էր անել այն, ինչ իրեն վերագրում են»։ Համենայնդեպս վերջին տարիներին Ռայան Ռաուտի քաղաքական նախասիրությունները էական փոփոխությունների են ենթարկվել, ինչի մասին վկայում են նրա գրառումները սոցիալական ցանցերում։ Չորս տարի առաջ նա գրել էր. «Դոնալդ Թրա՛մփ, երբ քեզ ընտրում էի 2016 թվականին, մեծ հույսեր ունեի, որ որպես նախագահ դու նույնիսկ ավելի լավը կլինես, քան որպես թեկնածու։ Բայց բոլորս հիասթափվեցինք քեզնից, և ակնհայտ է, որ դու օրեցօր ավելի ու ավելի վատն ես դառնում։ Երջանիկ կլինեմ, երբ դու այլևս չլինես»։
Համաձայնե՛ք՝ շատ երկիմաստ է հնչում վերջին նախադասությունը։ Ի՞նչ չլինես. նախագահ չլինե՞ս, թե՞ ընդհանրապես չլինես։ Ակնհայտ է մի բան՝ թե՛ Դոնալդ Թրամփը, որի վարկանիշն ընկել է, թե՛ նրա թիմը, թե՛ Ուկրաինայի իշխանությունները շատ կուզեին, որ Ռայան Ռաուտի հետ կապված այս պատմությունը չլիներ։
Ինչպես հաղթել հեռուստաբանավեճում. ամերիկյան դասեր