Եվրոպայում մոլեգնում է «Բորիս» ցիկլոնը. կան զոհեր և տարհանվածներ

Վատ եղանակի պատճառով Ռումինիայում առնվազն հինգ մարդ Է մահացել, Լեհաստանում` 1, Ավստրիայում` ևս մեկ մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Կենտրոնական Եվրոպայում մոլեգնում է «Բորիս» հզոր ցիկլոնը։ Վատ եղանակի էպիկենտրոնում այժմ հայտնվել են Չեխիան, Գերմանիան, Լեհաստանը և Ռումինիան: Վերջինի տարածքում տարերքի հետևանքով արդեն առնվազն հինգ մարդ Է մահացել, գրում են եվրոպական ԶԼՄ-ները:
Ռումինիայի որոշ բնակավայրերում ջրի մակարդակը հասել Է մեկուկես մետրի։ Ավելի քան 300 մարդ տարհանվել է։ Տեղացիներն ասում են, որ վերջին 60 տարում այնտեղ նման ջրհեղեղ չի եղել։
Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով մահացել է մեկ մարդ, լրագրողներին հայտնել է վարչապետ Դոնալդ Տուսկը: Երկրի հարավում անոմալ հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել ափերից, հեղեղվել են բնակավայրերը, որոշ տեղերում իրականացվում է մարդկանց տարհանում: Հորդառատ անձրևները չեն դադարում արդեն մի քանի օր։ Երկու օրվա ընթացքում տեղացել է տեղումների եռամսյա նորման։ Ոստիկաններն ու զինվորականները, որոնք փրկարարներին օգնում են վերացնելու տարերքի հետևանքները, ստիպված են ջրհեղեղի գոտուց բառացիորեն շալակած դուրս հանել տարեց բնակիչներին։
Նմանօրինակ իրավիճակ է նաև Չեխիայում, որտեղ հեղեղվել է 63 հազար տուն, խափանվել է էլեկտրականությունը, խախտվել է տրանսպորտային երթևեկությունը։ Տապալված ծառերի պատճառով երկրի ողջ տարածքում կանգնեցված է նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Բռնո քաղաքի հիվանդանոցից տարհանել են ավելի քան 180 հիվանդի։
Դանուբ գետի ափերին կառուցվում են ավազի պատնեշներ և մետաղական կառույցներ։ Արգելապատնեշներ են կառուցում նաև Բավարիայի բնակիչները․ Գերմանիայի հարավում արդեն նույնպես անձրևներ են սկսվել։ Բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման անհրաժեշտության մասին։ Ավստրիական Ներքին Ավստրիա տարածքում ջրհեղեղի հետևանքների վերացման ժամանակ մահացել է հրշեջ, հայտնում է նահանգապետ Յոհաննա Միկլ-Լյայտները:
Չդադարող անձրևների պատճառով սեպտեմբերի 15-ի առավոտյան Ներքին Ավստրիա տարածքը հայտարարվել է աղետի գոտի. տեղի կենտրոնական շրջանում հեղեղվել են փողոցները, շատ տեղերում քաղաքացիական տագնապ Է հայտարարվել, առնվազն 6 գետ դուրս է եկել ափերից: