Երկաթուղային գիծը հիմա ավելի պաշտպանված է ջրհեղեղներից․ ՀԿԵ տնօրենը՝ վերականգնման մասին

Մեր ունեցած տեղեկություններով՝ իրականացված վերականգնման աշխատանքների համար ՀԿԵ-ն, ընդհանուր առմամբ, մոտ 2 միլիոն դոլար է ծախսել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղու» վերականգնած հատվածներում ջրհեղեղներից ավելի մեծ պաշտպանություն է արվել։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Հայտնել ենք, որ այս տարվա մայիսին Լոռու և Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումները վնասներ էին հասցրել նաև երկաթուղու տարբեր հատվածներում, ընդհանուր՝ մոտ 2 կմ հատվածում։
Այրում–Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսվածից շուտ. ՀԿԵ
Մելնիկովը նշեց, որ երկաթուղու վերականգնման համար հրատապ աշխատանքներ են իրականացվել: ՀԿԵ-ի համար սա նոր իրավիճակ էր, քանի որ Հայաստանում գործունեության ողջ ընթացքում նման աղետներ չեն եղել։
«Փորձի բացակայության պատճառով մենք մի իրավիճակում, երբ անհրաժեշտ էր հստակ և գրագետ պլանավորել վերականգնողական աշխատանքների և՛ ժամկետները, և՛ տեխնոլոգիան։ Իհարկե, մենք ստացանք անհրաժեշտ օգնությունը «Ռուսական երկաթուղիների» մեր գործընկերներից»,- հայտնեց Մելնիկովը:
Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նման աղետներ տեղի են ունենում 300 տարին մեկ անգամ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրականացված վերականգնման աշխատանքների համար ՀԿԵ-ն, ընդհանուր առմամբ, մոտ 2 միլիոն դոլար է ծախսել։
«Մենք թեպետ վստահ ենք, որ մոտ ապագայում նման աղետներ չպետք է տեղի ունենան, բայց ինչ վերաբերում է ամրությանը, ապա աշխատանքներն արված են բարձր որակով, հաշվի է առնվել նաև անվտանգության, այսպես ասած, շատ մեծ լուսանցքը։ Այսինքն, որոշ հատվածներում, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, ավելի լուրջ պաշտպանություն է արվել ջրհեղեղից։ Այն վայրերում, որտեղ աշխատանքներ ենք իրականացրել, հարթել ենք գետի հունը, որպեսզի ապահովվի ջրային զանգվածների անխոչընդոտ անցումը։ Աշխատանքները կատարվել են որակով և գրագետ»,- հավելեց Մելնիկովը:
Նրա խոսքով՝ նախատեսվում էր աշխատանքներն ավարտել մինչև հունիսի 20-ը։ Շուրջօրյա համակարգված աշխատանքի, նույնիսկ՝ հորդառատ անձրևների ժամանակ աշխատանքը չդադարեցնելու շնորհիվ հունիսի 14-ին առաջին գնացքն արդեն մեկնեց: Երկաթուղին սկսել է ամբողջությամբ գործել հունիսի 15-ից, երկաթուղու վերականգնված հատվածով արդեն ավելի քան 25 հազար ուղևոր է տեղափոխվել։
ՌԴ մասնագետներն ուսումնասիրում են Դեբեդի հարակից երկաթգծի պոտենցիալ վտանգավոր հատվածները
Նշենք, որ Մելնիկովն այսօր Լոռու մարզ է մեկնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակության կազմում։ Նրանց ուղեկցում են նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և «Ռուսական երկաթուղիների» փոխտնօրեն Վյաչեսլավ Պավլովսկին: