ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Երևանում խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում, դրա գործունեությունը կասեցվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
Անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասը
«Ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որպեսզի անհրաժեշտության դեպքում ախտահանվեր, առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված էին, ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը: Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, խմոր հունցելու սարքը, խմորագունդ պատրաստելու համար նախատեսված սեղանը, բեռնարկղերը և դարակաշարերը պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել»,- ասված է հաղորդագրությունում:
Անհատ ձեռնարկատեր Էդգար Պետրոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասը
Խախտումներից է եղել նաև այն, որ արտադրական շինության նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը։
Արտադրամասի գործունեությունը կվերականգնվի, երբ հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում վերացվեն։