Աշխատանքային պայմանագրերը կթվայնացվեն, էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր կդառնա

Նոր փոփոխությունների կիրարկումը փուլային է լինելու, կամավոր սկզբունքով այն կներդրվի 2025 թվականի հուլիսի 1-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքային պայմանագրերի թվայնացումը, էլեկտրոնային ստորագրությունը 2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր կլինեն։ Այս մասին «Աշխատանքային պայմանագրերի թվայնացում. Աշխատանքային խախտումների իրական լուծո՞ւմ, թե՞ կոսմետիկ բարեփոխում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Վստահեցրել է` փոփոխության նպատակն է աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնել։
«Նախատեսում ենք, որ բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են միայն թվային համակարգի միջոցով։ Կիրարկումը փուլային ենք դրել։ Առաջին փուլով նախատեսում ենք, որ հաջորդ տարվա հուլիսի 1-ից կամավոր սկզբունքով կլինի կնքումը։ 2026-ի հունվարի 1-ից արդեն բոլորի համար պարտադիր կլինի աշխատանքային` իրենց պայմանագրերի կնքումը և ստորագրումը միայն թվային հարթակում։ Որևէ թղթային տարբերակ նախատեսված չէ, և բոլորը մշտապես կունենան հասանելիություն իրենց պայմանագրերի վերաբերյալ»,– նշել է սոցապ փոխնախարարը։
Նա ընդգծել է, որ ՊԵԿ-ի կայքում թվային պայմանագրերի համակարգ կներդրվի և մինչև հայտ լրացնելը գեներացվելու է աշխատանքային պայմանագիր։
Սարգսյանը շեշտել է նաև, որ նմանատիպ փոփոխությունների շնորհիվ վարչարարության, հավելյալ ծախսերը կնվազեն, աշխատանքային պայմանագրերն էլ ավելի գրագետ կարվեն։