ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացի Դ․Բ–ն փորձել է մաքսանենգ ճանապարհով տարբեր տրամաչափերով ադամանդանման 109 թափանցիկ քար, ինչպես նաև 69 գրամ ընդհանուր քաշով 3 պոլիէթիլենային տոպրակում լցված ադամանդանման թափանցիկ մանր քարեր տեղափոխել Շարժայից Երևան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քաղաքացի Դ․Բ․–ն «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալվել է և տեղափոխվել մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Նրա նկատմամբ իրականացված մաքսային զննման արդյունքում անձնագրի պատյանի միջից հայտնաբերվել է 1 ադամանդանման թափանցիկ քար և «GIA» հավաստագիր:
«Նույն պայուսակում առկա «ARARAT» լատինատառ գրառմամբ ծխախոտի տուփից հայտնաբերվել է նաև տարբեր տրամաչափերով ադամանդանման 17 թափանցիկ քար։ Տվյալ քաղաքացու ճամպրուկից հայտնաբերվել է տարբեր գրառումներով ադամանդների 94 հավաստագիր: Ճամպրուկից հայտնաբերվել է նաև 3 պոլիէթիլենային տոպրակ՝ լցված ադամանդանման թափանցիկ մանր քարերով, որոնց ընդհանուր քաշը կազմում է 69 գրամ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քաղաքացու հագին գտնվող տաբատի՝ գործարանային կարվածքի տեսք ունեցող գոտկամասի միջից էլ հայտնաբերվել են գաղտնարանների օգտագործմամբ, ինքնակպչուն ժապավենով իրար միացված տարբեր տրամաչափերով ադամանդանման 91 թափանցիկ քար։
ՊԵԿ–ից հայտնում են, որ «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն` հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292–րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 մլն դրամը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն։