Մենք համաձայն ենք. եկեք, անցեք․ Փաշինյանը՝ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան մասի կապի մասին

ՀՀ վարչապետի խոսքով` նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանի Հանրապետությունն արտապատվիրակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը համաձայն է տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություն ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածների միջև, սակայն Ադրբեջանը համաձայն չէ, որ անվտանգությունը Հայաստանն ապահովի։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մեջբերեց 2020թ–ի եռակողմ հայտարարության կետերից մեկը, ըստ որի՝ կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը։
«Մենք համաձայն ենք. եկեք, անցեք, ո՞վ ա խանգարում։ Ադրբեջանը համաձայն չէ, որովհետև ասում է՝ անվտանգությունը դու չպիտի ապահովես։ Բա ո՞վ պիտի ապահովի, որ նախ ես եմ ստորագրել, հետո էլ դուք եք ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովի։ Ասում է՝ չէ, անցուդարձը դու չպիտի կազմակերպես։ Ո՞նց ես չպիտի կազմակերպեմ, որ դուք եք ստորագրել, որ ես պիտի կազմակերպեմ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի մի կետ, որով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն իր տարածքի նկատմամբ, նաև չկա մի գործառույթ, որը Հայաստանի Հանրապետությունն արտապատվիրակում է։
Ինչպե՞ս կանդրադառնա սահմանի բացումը ՀՀ անվտանգության վրա. Զախարովայի պատասխանը` Սիմոնյանին
Ի տարբերություն սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ արած մեջբերման, այս անգամ Փաշինյանը եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընթերցեց մինչև վերջ, որտեղ նաև նշված է` «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության մարմինները»։
Փաշինյանի խոսքով՝ սա չի նշանակում, որ ԱԴԾ մարմինները պիտի ներկա լինեն։
«Այստեղ գրա՞ծ է, որ ՌԴ անվտանգային դաշնային ծառայության որևէ ներկայացուցիչ պիտի գետնի վրա էնտեղ լինի։ Չկա նման բան»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան երրորդ ուժերի վերահսկողության վերաբերյալ Երևանի դիտողություններին, կոչ էր արել հարգանքով վերաբերվել նրանց ջանքերին, ովքեր մշակել են համապատասխան փաստաթղթերի դրույթներ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չի լսել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չեղյալ հայտարարելու Երևանի ցանկության մասին ո'չ դիվանագիտական խողովակներով, ո’չ էլ հրապարակայնորեն: Այնուամենայնիվ, բազմիցս փորձեր են եղել շահարկել ինչպես գոյություն ունեցող փաստաթղթերը, այնպես էլ դրանց առանձին կետերը: