ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում, որտեղ արդեն մի քանի օր է՝ ուսուցումը դարձել է հեռավար, ցնցումներ են զգացել սեպտեմբերի 6-ին, առաջինը զգացել են ուսուցչանոցում։ Ասում են` հարակից շինարարությունների պատճառով աղմուկ միշտ է եղել, բայց ցնցում առաջին անգամ էին զգում։
«Բոլորը վախեցած էին ու խոսում էին ցնցումների մասին, թեթև տատանումներ էին, բայց անմիջապես ահազանգեցինք տնօրենին։ Մասնագետները բացատրեցին մեզ, որ այստեղ նկուղ չունենք տակը, դրա համար ուժեղ է զգացվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի՝ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Նարինե Բաղդասարյանը։
Երեխաներին անմիջապես տարհանել են դպրոցից, դեպքի մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանին ու ՆԳՆ փրկարար ծառայությանը։ Իսկ թե ինչու է դպրոցը ցնցվել` տարբերակները շատ են։ Ասում են, թե Օրբելի փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի նախին շենքն են պայթեցրել կամ էլ մոտակայքի շինարարական աշխատանքներն են պատճառ դարձել։
Այնուամենայնիվ որոշվել է ուսումնական գործընթացը շարունակել հեռավար, մինչև ինժեներաերկրաբանական ուսումնասիրություն կատարվի։
«Պայթյունի ձայն, անկեղծ ասած, չեմ լսել։ Միայն հետևանքը զգացինք։ Հիմա դա պայթյուն էր, թե ուղղակի շինարարական աշխատանք, չեմ կարող ասել։ Ստուգումներ ենք անում, որ կապը հասկանանք շինարարության հետ»,– ասաց Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը։
Չնայած որոշ սենյակներում ցնցումներ հիմա էլ են զգացվում, բայց տնօրենը, փոխտնօրենը ու մի քանի այլ աշխատակիցներ դպրոցում են։ Առցանց հետևում են, որ հեռավար դասերը պատշաճ իրականացվեն։
«Հետևում եմ 23 դասարանի աշխատանքի։ Բնականաբար, ավելի ծանր է, քան առկա ուսուցման դեպքում։ Ուսուցիչները տանը գրատախտակներ են դրել, հատկապես փոքր դասարանների համար, որ երեխաներին ավելի մատչելի կարողանան բացատրել։ Բնականաբար, դժվար է, բայց փորձում ենք ամեն ինչ անել, կարգավորել, և մինչև 14։00 ավարտում ենք դասերը»,– ասաց փոխտնօրենը։
Դպրոցի շենքը կառուցվել է 1961 թվականին, 1996 թվականից համարվում է երրորդ կարգի վթարային, բայց ժամանակին ամրակայման աշխատանքներ արվել են։ Այս պահին դպրոցի պատերին ճաքեր անգամ չկան։ Ինժեներաերկրաբանական աշխատանքներն արդեն սկսվել են։ Տնօրենը հուսով է, որ մինչև շաբաթվա վերջ կստանան թույլտվություն և կկարողանան շարունակել բնականոն աշխատանքը։