ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը ռեստորաններին, սրճարաններին կից համայնքային տարածքի 1 քմ–ն 5000 դրամով տալիս է վարձակալության, որը մատչելի գին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է քաղաքապետարանը 3 անգամ թանկացրել բացօթյա տարածքի վարճակալության վճարը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան
© Sputnik / Aram Nersesyan
Լրագրողի խոսքով` եթե նախկինում 6 ամիս վարձակալելու դեպքում 1 քմ–ի համար ռեստորանի, սրճարանի սեփականատերը վճարում էր 10.000 դրամ, ապա այժմ վճարում է 30.000 դրամ, որն էլ էականորեն ազդում է սպասարկման, ուտեստների գների վրա։ Այսինքն, փաստացի, ռեստորանատերը միջինում ամսական 500.000-ից 1 մլն դրամ են վճարում վարձակալության համար։ Արդյունքում ամեն ինչ թանկանում է, և հաճախորդն է կրկնակի վճարում։
Փոխքաղաքապետը չհամաձայնեց լրագրողի դիտարկման հետ` համարելով, որ Կենտրոն վարչական շրջանի համայնքային տարածքի 1 քմ–ի վարձակալության համար 5000 դրամն անգամ մատչելի գին է։
«Մարդը, որն ունի սրճարան, ուզում է իր սրճարանի հարակից տարածքում համայնքային տարածքի հաշվին սեղաններ դնի, տարածքն օգտագործի, որպեսզի բիզնես անի ու եկամուտ ստանա։ Ինչքան մարդ օրինական հարստանա, ես ուրախ եմ, բայց, մյուս կողմից, ոչ մեկն իրեն չի ստիպում այդ տարածքից օգտվել, եթե համարում է, որ եկամտաբեր չէ»,–ասաց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ դժվար թե կենտրոնում հնարավոր լինի գտնել վարձակալությամբ տարածք, որի 1 քմ–ն կլինի 5000 դրամ։ Գրիգորյանի խոսքով` նույն գործարարը մեկ այլ անձից տարածք վարձակալելու համար մի քանի անգամ ավել է վճարում ու չի բողոքում։
Հարցին` հնարավո՞ր է` առաջիկայում այդ վարձավճարի չափը նվազի, Գրիգորյանը նշեց, որ նման նախադրյալներ այժմ չկան։ Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ ռեստորան, սրճարան գնալը քաղաքացիների համար պարտադիր պահանջ չէ, և եթե մարդն իրեն չի կարող դա թույլ տալ, կարող է ուղղակի չգնալ ռեստորան կամ գնալ ավելի մատչելի տեղեր։