ՌԴ–ի հետ բանկային գործարքների պատճառով ԱՄՆ–ն ուժեղացրել է ճնշումը Թուրքիայի նկատմամբ. ԶԼՄ

Դեռ հայտնի չէ` երբ կկարգավորվի Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանկային փոխանցումների հետ կապված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Թուրքական բանկերը մեծ ճնշում են զգում ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի հետ գործարքների պատճառով, պարբերաբար նախազգուշացում են ստանում վճարումների ուղարկման աղբյուրների նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ֆինանսական շուկայի տեղեկացված աղբյուրը։
Ամերիկյան ընկերությունն աշխատանքից ազատել է բլոգերին, որն իբր համագործակցել է RT-ի հետ
Ավելի վաղ Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ հաշվարկների խնդիրը պահպանվում է, կան փոխանցումների արգելափակման և հաշվիների փակման դեպքեր, թուրքական բանկերում հաճախակի են դարձել Ռուսաստան ապրանքների տարանցում իրականացնող ընկերություններին «ճնշելու» դեպքերը։
«Այսօր մեր բանկերը, ընդ որում` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ԱՄՆ–ի կողմից ուժեղ ճնշման տակ են Ռուսաստանի նկատմամբ վերջերս սահմանած պատժամիջոցային փաթեթի պատճառով։ Ստուգվում են Ռուսաստանից և դեպի Ռուսաստան փոխանցումների բոլոր աղբյուրները, բանկային հաշիվները բացվում են գլխամասերի խիստ վերահսկողության ներքո (ՌԴ քաղաքացիների համար)», – հայտնել է գործակալության զրուցակիցը` մեկնաբանելով ՌԴ դիվանագետի հայտարարությունը։
Նրա խոսքով` դեռ հայտնի չէ` երբ կկարգավորվի Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանկային փոխանցումների հետ կապված իրավիճակը։
«Պարզ է, որ այստեղ պաշտոնական որոշում է անհրաժեշտ։ Բանկը դեռ նման որոշում չի ստացել», – ասել է գործակալության աղբյուրը։
ՌԴ ԱԳՆ-ում զգուշացրել են ռուսական ակտիվների սառեցման հետևանքների մասին
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՎՏԲ–ի ղեկավար Անդրեյ Կոստինը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բանկային դժվարությունները հնարավոր է լուծել` մեխանիզմ ստեղծելով ազգային և թվային արժույթների հիման վրա։