ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Spuntik. 1941-ի այս օրը՝ սեպտեմբերի 8-ին, սկսվեց Լենինգրադի շրջափակումը։ 872 օր քաղաքի բնակիչները անմարդկային ջանքերի և կորուստների գնով դիմացան սովին, ցրտին և ավերածություններին: Նրանց ճակատագիրը կիսեց ավելի քան 100 հազար հայ։ Այս մասին գրում է Հայաստանում Ռուսական տունը։
«Նրանց թվում ոչ միայն քաղաքի բնակիչներն էին, այլև այն 4 հազար կամավորները, որոնք իրենց պարտքը համարեցին պաշտպանել հայրենիքը խորհրդային բանակի շարքերում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լենինգրադի երկնքում կռվել է Նելսոն Ստեփանյանը, ծովում՝ Իվան (Հովհաննես) Իսակովը, թիկունքում՝ Անաստաս Միկոյանը: Նիկոլայ Նարինյանը կամուրջներ էր կառուցում Նևայի վրայով և երկաթուղային գծեր գծում։ Բժշկական ճակատում աշխատել է Լևոն Օրբելին, գիտության մեջ՝ Արտեմ Ալիխանյանը, արվեստում՝ Վահրամ Փափազյանը, Հովսեփ Օրբելին փրկել է Էրմիտաժը: Sputnik Արմենիան պատմում է նրանցից մի քանիսի մասին։
Նելսոն Ստեփանյան
Անգնահատելի է Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի ավանդը Լենինգրադի պաշտպանության գործում: Դրա համար նա 1942-ի հոկտեմբերին ստացավ Խորհրդային Միության հերոսի իր առաջին աստղը: Միայն պաշարված խորհրդային քաղաքի երկնքում օդաչուն կատարեց 60 մարտական առաջադրանք՝ ոչնչացնելով 8 տանկ, 90 մեքենա և թշնամու 60 զենիթային հրետանի:
Իվան Իսակով
Ծովակալ Իսակովը ակտիվորեն մասնակցել է Լենինգրադի ծովային պաշտպանության ստեղծմանը և լճային ռազմական նավատորմների (Լադոգա, Օնեգա և Չուդ լճեր) ձևավորմանը։ Նա անձամբ է կազմակերպել մոբիլիզացիան, ղեկավարել առևտրային նավատորմի նավերի համալրման աշխատանքները, ինչպես նաև ափային և երկաթուղային մարտկոցների կազմավորումը ծովային հրետանիով։
Նրա ստեղծված ծովային պաշտպանությունը մեծ դեր է խաղացել քաղաքի պաշտպանության ընդհանուր գործում։
Անաստաս Միկոյան
Լենինգրադի շրջափակման ծանր օրերին Անաստաս Միկոյանի վրա դրված էր շրջափակված քաղաքի բնակչության և Լենինգրադի ռազմաճակատի զորքերի մատակարարման պարտականությունը։ Միկոյանը մեծ հնարամտություն է դրսևորել շրջափակման մեջ գտնվող քաղաքը պարենով ապահովելու համար։ Նա անձամբ է վերահսկել գնացքների բեռնման և ուղարկման ընթացքը և անմիջական մասնակցություն է ունեցել նույնիսկ փոքր խոչընդոտների վերացման գործում։
Նիկոլայ Նարինյան
Լենինգրադի ապահովման գործում հատուկ ներդրում է ունեցել Լենինգրադի ռազմաճակատի № 2 ռազմավերականգնողական աշխատանքների վարչության № 3 գլխամասային վերականգնողական գնացքի պետ Նիկոլայ Նարինյանը:
1941-ի հունիսի վերջին Նարինյանը ղեկավարել է Վյարտսիլա-Մետկասելկյա գծի ճանապարհի և կամուրջների տարհանումը Ֆինլանդիայի սահմանի մոտ։ Երբ ֆիննական զորքն աքցանի մեջ է առել շարասյան մի մասը, Նարինյանը, ոչնչացնելով շարժակազմն ու շոգեքարշը, մարտերի միջոցով ավելի քան երկու հարյուր մարդու դուրս է բերել Կեքսհոլմի շրջան՝ իր զորքերի մոտ։
Լևոն Օրբելի
Լևոն Օրբելին հսկայական ներդրում է ունեցել ռազմաբժշկական գիտության զարգացման և ռազմաբժշկական կադրերի պատրաստման գործում: Նրա անմիջական ղեկավարությամբ վերակազմավորվել է Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան, իսկ 1944-ի հուլիսին` նրա վերատեղակայումը Սամարղանդ քաղաքից (Ուզբեկստան) Լենինգրադ: Չնայած ծանր պայմաններին՝ պատերազմի տարիներին ակադեմիան պատրաստել է 1800 ռազմական բժիշկ։
Հովսեփ Օրբելի
Շրջափակման օրերին աչքի է ընկել նաև պետական Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նրա ղեկավարությամբ աշխարհահռչակ թանգարանի թանկարժեք ցուցանմուշները Լենինգրադից ժամանակին տարհանվել են հուսալի վայրեր։ Դրա համար նա պարգևատրվել է Լենինի շքանշանով, ինչպես նաև «Լենինգրադի պաշտպանության համար» շքանշանով։
Շրջափակումը ճեղքվեց 1943-ի հունվարի 18-ին հրետանային թնդանոթի և «Ինտերնացիոնալի» հնչյունների ներքո (այդ ժամանակ՝ ԽՍՀՄ օրհներգը)։ Նվագախումբը նվագեց հենց խրամատներում։ Լենինգրադի շրջափակումն ամբողջությամբ վերացվեց միայն մեկ տարի անց ՝ 1944-ի հունվարի 27-ին։