Արմավիրի մարզում ոստիկանների ուղղությամբ կրակած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել. ՔԿ

Մանուկ Մարգարյանը կրակոցներ է արձակել այս ավտոմեքենայից
Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչը ապօրինի հրազենը պահել է եղբոր անունով հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում 41-ամյա բնակիչը 5 ոստիկանի ուղղությամբ է կրակահերթ արձակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվողը Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանն է։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ իրավապահների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել է 1 ոստիկանի սպանության, ևս 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
«Ոստիկանները տուժող են ճանաչվել և հարցաքննվել։ Դեպքի առնչությամբ փորձաքննություններ են նշանակվել։ Դեպքից ժամեր անց հայտնաբերված և ձերբակալված տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել»,– ասված է հաղորդագրությունում։
ՔԿ–ից հայտնում են նաև, որ Նալբանդյանի 41-ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում է ապօրինի հրազենը պահել:
Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը` դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք «AK -74» տեսակի ինքնաձիգը՝ լիցքավորված 10 փամփուշտներով։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ ինքնաձիգի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Նշենք նաև, որ վիրավորում ստացած ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, առողջական վիճակը կայուն է, սակայն դեռ պետք է ապաքինման փուլ անցնի։
Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության, սպանության փորձի և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։