ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ամեն ինչ անում է Զապորոժիեի ատոմակայանի անվտանգ շահագործումն ապահովելու համար։ Այս մասին «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ Կալինինգրադում կայացած բանակցությունների ժամանակ։
Ինչպես հաղորդվում է «Ռոսատոմի» Telegram-ալիքում, Կալինինգրադում կայացել է ՄԱԳԱՏԷ-ի հետ միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլը: Ուշադրության կենտրոնում երկու հարց է եղել՝ Կուրսկի և Զապորոժիեի ատոմակայանների անվտանգությունը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ի մասով Ալեքսեյ Լիխաչովը հաստատել է, որ ուկրաինական սաստկացող սադրանքների պայմաններում ռուսական կողմն անհրաժեշտ ամեն ինչ անում է կայանի անվտանգ շահագործումն ապահովելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Լիխաչովն ընդգծել է, որ Կուրսկի ԱԷԿ-ն աշխատում է բնականոն ռեժիմով, և Ռաֆայել Գրոսսին դրանում կարողացել է համոզվել օգոստոսի 27-ին իր այցի ժամանակ: Միևնույն ժամանակ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը նշել է` որ ռուսական կողմն ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությունը համարժեք արձագանք կտա կայանի վրա Կիևի ռեժիմի վերջին հարձակումներին։
Գրոսսին իր հերթին տեղեկացրել է, թե ինչպես է գնահատում իրավիճակը Զապորոժիեի և Կուրսկի ատոմակայաններում։ Նա խոսել է սեպտեմբերի 4-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հերթական ռոտացիայի մասին, որի ընթացքում այցելել է կայան և օգոստոսի 11-ի հարձակման հետևանքով ավերված հովացման աշտարակ: Կողմերը հաստատել են կանոնավոր կերպով շփումները շարունակելու պայմանավորվածությունը։