Հայ-ռուսական համալսարանի ուսանողները կստանան ԵԱԶԲ անվանական կրթաթոշակներ

ՌՀՀ դասախոսներին և ուսանողներին բանկը պատրաստ է ներկայացնել իր փորձը պետական և մասնավոր հատվածի համակցված ֆինանսավորման ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը Հայ-ռուսական համալսարանում բացել է հատուկ լսարան և մեկնարկել է «պետական-մասնավոր գործընկերություն» (ՊՄԳ) մեխանիզմով կրթաթոշակային ծրագիրը:
Լսարանում դասավանդումը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և պետություն-մասնավոր գործընկերության շուկայի պահանջներին:
Մրցույթի ընթացքում ընտրվել են Հայաստանում և ԵԱՏՄ երկրներում ՊՄԳ հետազոտությամբ հետաքրքրվող երեք տաղանդավոր ուսանողներ: Նրանք 3 ամսվա ընթացքում կստանան 150 դոլարի չափով կրթաթոշակ։ Եվրասիական զարգացման բանկի կողմից կրթաթոշակներ կստանան մագիստրանտներ ՀՌՀ ֆինանսներ բաժնից՝ Խաչատուր Խաչատրյանը և Արամ Կարապետյանը, ինչպես նաև ՀՌՀ միջազգային տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտ Կարեն Ավետիսյանը։
ԵԶԲ–ն Հայ-ռուսական համալսարանում բացել է հատուկ լսարան և մեկնարկել է «պետական-մասնավոր գործընկերություն» մեխանիզմով կրթաթոշակային ծրագիրը
ԵԱԶԲ ՊՄԳ նախագծերի տնօրեն Սվետլանա Մասլովայի խոսքով` լսարանի բացումն ու կրթաթոշակների շնորհումը կարևոր քայլեր են տեխնիկական աջակցության ծրագրի իրականացման գործում և էապես մեծացնում են հետաքրքրությունը Հայաստանում ֆինանսական և կառավարչական ոլորտի ապագա մասնագետների շրջանում:
«ԵԱԶԲ-ն ունի պետական-մասնավոր գործընկերության նախագծերի ֆինանսավորման տպավորիչ գործնական փորձ և պատրաստ է այն ներկայացնել նաև այս համալսարանի ուսանողներին և դասախոսներին», - ասել է Մասլովան:
ԵԱԶԲ ՊՄԳ նախագծերի տնօրեն Սվետլանա Մասլովան
Իր հերթին ԵԱԶԲ Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելիքյանը նշել է, որ բանկը շահագրգռված է բուհերում առարկայի ներդրմամբ և այդ ոլորտում մասնագետների ուսուցմամբ, քանի որ ներդրումներ է կատարում հիմնականում ենթակառուցվածքային նախագծերում:
«Անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք կառաջարկեն լավ նախագծեր։ Բանկի համար ավելի դյուրին կլինի դրանք ֆինանսավորել, իսկ պետությունը կխնայի ֆինանսական ռեսուրսները», - նշել է Մելիքյանը։
ԵԱԶԲ Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելիքյանը
Ինչպես տեղեկացրել է ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը, այս տարվա սեպտեմբերից համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կդասավանդվեն «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտություններով ՊՄԳ առարկաներ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Եվրասիական զարգացման բանկը առաջիկա 3 տարում կարող է մոտ 500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում։
ՌՀՀ տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը