Ասում են՝ Մարսի վրա ջուր կա, այն էլ՝ շատ. մնում է դուրս բերել 20 կիլոմետր խորությունից

Դեռ չորս տարի առաջ՝ 2020 թվականին, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստանում էր 2026 թվականին առաջին 10 մարդկանց հասցնել Մարս և կանխատեսում էր, որ 2050 թվականին Մարսի բնակչությունը կկազմի մոտ 1 միլիոն։
Sputnik
Իհարկե, կարելի է պատկերացնել, որ մարդիկ կարող են ապրել Կարմիր մոլորակի վրա՝ հատուկ հարմարեցված և արևի ճառագայթումից պաշտպանված շինություններում, թթվածինն էլ երևի հնարավոր է ստանալ Մարսի բավական նոսր մթնոլորտից, բա ջո՞ւրը։ Չէ՞ որ եթե մարդիկ պատրաստվում են բույսեր աճեցնել այնտեղ, դրա համար զգալի քանակությամբ ջուր կպահանջվի։ Լավատեսները պատասխանում էին՝ Մարսի բևեռներում ջուր կա, բայց սառույցի տեսքով։ Հիմա պարզվել է, որ այդ մոլորակում ջուր կա նաև հեղուկ վիճակում։ Այն էլ՝ շատ-շատ։
Աշխարհը, այո՛, շուռ է գալիս. Երկրի մագնիսական բևեռները «որոշել են» տեղափոխվել
Դեռ 2018 թվականին ՆԱՍԱ-ն Մարսի վրա էր իջեցրել Insight Lander սարքը, որն, այսպես ասած՝ «լսում» էր, թե ինչ է կատարվում մոլորակի ընդերքում ճիշտ այնպես, ինչպես համանման սարքերը Երկրի վրա գրանցում են ստորգետնյա ցնցումները։ Եվ մինչ բոլորի ուշադրության կենտրոնում էին մարսագնացները և նրանց ուղարկած լուսանկարները, Insight-ը չորս տարի շարունակ համեստ ու աննկատ աշխատում էր նույն վայրում՝ Երկիր փոխանցելով ստացված տվյալները։ Երկու տարի պահանջվեց դրանք վերլուծելու համար, և վերջապես մոտ 20 օր առաջ Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի պարբերականում հրապարակվեցին կատարված հետազոտությունների արդյունքները։ Դրանք իսկապես սենսացիոն են. Մարսի ընդերքում՝ կեղևի տակ, կա մի հսկայական օվկիանոս։ Այսինքն, եթե մեր երկնագույն մոլորակում օվկիանոսներն են պատում ցամաքը, ապա Մարսում ճիշտ հակառակն է՝ մոլորակի մակերևույթը լիովին պատված է անապատներով, որոնց տակ օվկիանոսն է։
Այսպիսով պարզ է դառնում, թե ուր է անհետացել ջուրը, որը երեքուկես միլիարդ տարի առաջ հաստատ հոսել է այնտեղ, քանզի մինչև հիմա երևում են բազմաթիվ գետերի և լճերի ուրվագծերը։ Հեղուկի մի մասը գոլորշիացել է և անհետացել մթնոլորտի մեծ մասի հետ միասին, բայց մյուս մասը պարզապես ներծծվել է հողի մեջ և անցել մոլորակի խորքերը։ Ամենամեծ պրոբլեմն էլ հենց այդ խորությունն է՝ 10-ից 20 կիլոմետր։ Այսինքն, ջուրը կա, մնում է հասնել այդ ջրին, իսկ դա գոնե առայժմ անհնար է թվում, թեև ժամանակակից գիտությունն այնքան արագ է զարգանում, որ շատ հնարավոր է, որ հենց առաջիկա տարիներին ստեղծվեն համապատասխան սարքավորումներ, որոնք թույլ կտան հորատելով հասնել ստորգետնյա այդ օվկիանոսին։ Միգուցե նույնիսկ յուրօրինակ քաղաքակրթություն հայտնաբերեն այնտեղ։
Առաջին հայացքից նման հեռանկարը պարզապես ֆանտաստիկ է թվում, բայց մենք հո արդեն գիտենք, որ կյանքի առաջացման առաջին նախապայմանը ջրի առկայությունն է։ Կասեք՝ բա արևի էներգիա՞ն։ Բայց եկեք չմոռանանք, որ եթե Մարսը մոտավորապես նույն կառուցվածքն ունի, ինչ Երկիրը, այսինքն, մոլորակի ներսում մագման է, բացառված չի, որ հենց այդ մագման էլ կարող է ծառայել որպես էներգիայի և ջերմության աղբյուր։ Եվ ի վերջո, խոսքն այն մասին չէ, որ Մարսի ընդերքում գոյություն ունի զարգացած քաղաքակրթություն, պարզապես գիտնականները չեն բացառում, որ այդ ստորգետնյա օվկիանոսում տեսականորեն կարող էր պրիմիտիվ կյանք առաջանալ։ Իսկ դա սկզբունքային հայտնագործություն կլինի, որովհետև կան հայտնի գիտնականներ, որոնք միանշանակ պնդում են՝ Երկիրը բացառիկ երևույթ է, և տիեզերքում որևէ այլ տեղ կյանք գոյություն չունի։ Հիմա եթե Մարսի վրա գոնե ամեոբա հայտնաբերվի, արդեն իրավունք կունենանք ասելու՝ մենք մենակ չենք, մենակ չենք, մենակ չենք…
Ավելին, եթե մենք կյանք հայտնաբերենք հենց մեր հարևանությամբ գտնվող մոլորակում, կարող ենք իրավամբ ենթադրել, որ ողջ տիեզերքը կյանքով լի է։ Իհարկե, այդ դեպքում սկսում է գործել Ֆերմիի հայտնի պարադոքսը, որի մասին հաստատ լսել եք։ 1950 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Էնրիկո Ֆերմին իր գործընկերների հետ ճաշարանում բանավիճելիս բացականչել է. «Բա ո՞ւր են բոլորը»։ Խոսքն այն մասին է, որ նրա զրուցակիցները պնդում էին՝ տիեզերքը փաստորեն անծայրածիր է և գոյություն ունի մոտ 14 միլիարդ տարի, ուրեմն պարզապես անհնար է, որ մենք միակը լինենք։ Ֆերմիի արձագանքն էլ հենց դրա հետ էր կապված՝ եթե հնարավոր չի, բա որտե՞ղ են մյուս քաղաքակրթությունները, ինչո՞ւ մինչև հիմա մեզ հետ չեն հաղորդակցվել։
Սթոունհենջի առեղծվածը մնում է անկախ այն բանից, թե արդյոք այն հայերն են կառուցել
Չգիտեմ, թե կոնկրետ ինչ են պատասխանել Ֆերմիին իր զրուցակիցները, բայց անցած տասնամյակների ընթացքում մասնագետները բազմաթիվ բացատրություններ են հնչեցրել, որոնց խոստանում եմ առաջիկայում մանրամասն անդրադառնալ։ Իսկ առայժմ մեր միակ հույսը Իլոն Մասկն է՝ եթե կատարի իր խոստումը և մեկ միլիոն մարդ հասցնի Մարս, արդեն կարող ենք ասել, որ այլ մոլորակում քաղաքակրթություն կա։ Նույնիսկ եթե այդ մոլորակի ընդերքում ոչ մի օվկիանոս էլ չհայտնաբերվի։