ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատասխան առաջարկները կներկայացնի Երևանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր, որ Երևանն առաջարկում է Բաքվին ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և շարունակել աշխատել մնացած կետերի վրա։
Բայրամովը նշել է, որ հունիսի 24-ին Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Հայաստանին է ներկայացրել իր պատասխանները։ Մոտ 70 օր անց Հայաստանն է իր վարկածը փոխանցել Ադրբեջանին։ Երևանի ներկայացրած տեքստից «մի քանի կարևոր կետեր բացառվել են»։
«Խաղաղության համաձայնագրի նախագծում կարևոր կետեր ներառված չեն, և մեզ ասացին, որ դա հարցի լուծում է։ Նախորդ հակամարտության համատեքստում` համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր նշանակություն ունեն։ Հայկական կողմին խորհուրդ ենք տալիս ավելի լուրջ մոտենալ այդ հարցերին։ Մոտ ժամանակներս մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին», – նշել է Բայրամովը։
Նրա խոսքով, Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի ոչ մի երկրից։
«Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է այդ հարցը, բայց դա ճիշտ չէ, քանի որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի որևէ երկրից»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանը հունիսին խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 10-րդ փաթեթը ստացել է Ադրբեջանից, իսկ Երևանը պատրաստել է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխան փաթեթ։ Միաժամանակ, Երևանը հաստատել է նաև ադրբեջանական կողմի հայտարարությունը, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղ պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին կետը։