ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Արցախահայությունն ունի արժանապատիվ պայմաններով վերադարձի իրավունք, և դրա համար առկա են միջազգային մեխանիզմներ, Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձում նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը
«Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է այդ անհեթեթ տեսակետն առաջ մղող թշնամու շահերը, անարգում հանուն Արցախի նահատակվածների հիշատակը, ազատ և անկախ ապրելու համար պայքարած, անասելի զրկանքներ կրած մեր ժողովրդի ճնշող մեծամասնության նվիրական գործը»,-հպայտարարել է նա:
Նա շեշտել է՝ Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ:
«Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը: Ցավոք, այսօրվա իշխանությունները բռնել են Արցախի հարցը մոռացության տալու ճանապարհը։ Ուրանում են»,-նշված է ուղերձում:
Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ջատագով քաղաքակիրթ աշխարհը չի կարող և չպետք է անտարբեր մնա հայ ժողովրդի՝ հազարամյակներով իր բնօրրանում ապրած մի մեծ հատվածի հայրենազրկման ու բռնի տեղահանման հարցում, եզրափակել է ՀՀ երրորդ նախագահը:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂԻՄ բնակչության 80%-ը, որի 99,89 տոկոսը քվեարկեց անկախության օգտին։ 1991-ի կրկին դեկտեմբերին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։