Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա. ԿԳՄՍ փոխնախարար

Այն առարկաները, որոնք չունեն դասագրքեր, կդասավանդվեն Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Արաքսիա Սվաջյան
Նրա խոսքով` հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ–ն արդեն շրջաբերական է ուղարկել։
«3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք` առաջիկայում դասագիրք կունենանք։ Դասագիրք չունենք նաև 10–րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,–ասաց Սվաջյանը։
ՀՀ–ում 2024–2025 ուստարում դասագրքերի վարձավճարները նվազել են. հայտնի է` որքանով
Նրա խոսքով` նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10–րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։
«Արդեն իսկ մեկնարկել են վերապատրաստումները։ Ուսուցիչներին կտրամադրվեն ուսումնական նյութեր, և ողջ ուսումնական տարում լինելու է մենթորական աջակցություն»,–ասաց Սվաջյանը։
Նա ընդգծեց, որ ուսուցիչների նման փորձը կարևոր է, քանի որ ավագ դպրոցներում նոր չափորոշիչով ուսուցումը լինելու է ոչ միայն դասագրքերով, այլև ուսումնական նյութերի թղթապանակներով։
Հակամարտությունը նախորդում է «հիշողության պատերազմը». «Հայոց պատմության» դասագրքի մասին
Նշենք, որ այս տարի նոր դասագրքեր չկան նաև «Ռուսաց լեզվի» 2–րդ, 8–րդ, 10–րդ, «Ֆրանսերենի» 5–րդ, 6–րդ, 7–րդ, 8–րդ և 10–րդ դասարանների համար։ Չկան դասագրքեր նաև «Քիմիայի» և «Կենսաբանության» 10–րդ դասարանների համար։ Երեխաներին բաժանելու են հին դասագրքերը։