Այդ տարօրինակ Նորվեգիան. արքայադուստրը որոշել է ամուսնանալ ամերիկացի շամանի հետ

Նորվեգիան, իհարկե, ինչ-որ չափով նման է Հայաստանին՝ բնակչությունը մերի հետ համեմատելի է, մարդկանց մեծ մասն ապրում է մայրաքաղաքում, ջուրն էլ հիմնականում լեռնային աղբյուրներից է գալիս՝ կարելի է հանգիստ խմել ծորակից։
Sputnik
Բայց այսքանով էլ նմանությունն ավարտվում է և սկսվում են էնպիսի զարմանալի բաներ, որոնք մեր պայմաններում պարզապես շատ դժվար է պատկերացնել։ Օրինակ, երբ ընտանիքում երեխա է ծնվում, հայրերի 90 տոկոսը, այսպես ասած, ֆիզարձակուրդ է վերցնում։ Հայրերի, այլ ոչ թե մայրերի։ Եթե հանկարծ վթարի պատճառով որոշ ժամանակով անջատվում է ձեր բնակարանի լույսը, կոմունալ ծառայություններն անպայման ձեզ ֆինանսական հատուցում են տալիս։ Տրանսպորտի կանգառներում տնային հարմարություններ կան՝ բազկաթոռներ են դրված, վարագույրներ են կախված, դարակներին էլ գրքեր են շարված, որ մինչև Սարի թաղ գնացող 13 համարի ավտոբուսը ժամանի, հասցնեք «Երկրի հակառակ կողմը» գրքից ևս մի գլուխ կարդալ։
Աշխարհը, այո՛, շուռ է գալիս. Երկրի մագնիսական բևեռները «որոշել են» տեղափոխվել
Ճիշտ է, գարեջուրը Նորվեգիայում ամենաթանկն է ողջ աշխարհում՝ մի գավաթը մոտ 10 դոլար, բայց, ախր, նվազագույն աշխատավարձն էլ գիտե՞ք` որքան է՝ 25 դոլար։ Մեկ ժամում։ Ընդհանրապես Նորվեգիան վերջին տարիներին գրեթե միշտ առաջին տեղերն է զբաղեցնում աշխարհի ամենաբարեկեցիկ և ամենաերջանիկ երկրների ցուցակում։ Այնինչ, դեռ 100 տարի առաջ Եվրոպայի աղքատ երկրների թվում էր։ Համաձայնե′ք՝ հայերիս համար բավական հուսադրող փաստեր են. կարող ենք լավատեսորեն տրամադրվել ապագայի նկատմամբ։
Բոլոր դեպքերում` այն, ինչ կատարվում է այս օրերին Նորվեգիայում, ամենևին միանշանակ չի ընդունվում այդ բարգավաճ ու երջանիկ հասարակության կողմից։ Հարալդ հինգերորդ թագավորի աղջիկը՝ արքայադուստր Մարտա Լուիզան ամուսնանում է ամերիկացի սևամորթ շաման Դուրեք Վերետի հետ։ Հյուրերը ողջ աշխարհից արդեն հավաքվում են նորվեգական գեղատեսիլ ֆյորդներից մեկի ափին, որտեղ շաբաթ օրը տեղի է ունենալու այս ոչ կոնվենցիոնալ զույգի հարսանեկան արարողությունը։
Նորվեգացի արքայադուստրը և փեսացուն վաղուց են ծանոթ, շատ-շատ վաղուց, որովհետև մի քանի տարի առաջ, երբ նրանք առաջին անգամ տեսան միմյանց, միանգամից զգացին, որ միասին են ապրել դեռ նախորդ կյանքում՝ մի քանի հազարամյակ առաջ։
«22 տարեկանում արդեն միլիոնատեր էի, բայց դա ինձ երջանիկ չդարձրեց». Պավել Դուրով
People հանդեսին տված հարցազրույցում Դուրեք Վերետը պատմել է. «Արքայադուստրը մտավ ու միանգամից ասաց ինձ. «Ես հիշում եմ քեզ, ես գիտեմ, թե դու ով ես»։ Ես անմիջապես պատասխանեցի. «Այո′, մենք հիշում ենք իրար, որովհետև հին Եգիպտոսում ես փարավոն էի, իսկ դու՝ իմ կինը»։
Ճիշտ է, բոլորը չէ, որ հալած յուղի տեղ են ընդունում ամերիկացի շամանի ասածները։ Նորվեգիայի իշխանություններն արգելել են երկրում տարածել Վերետի գիրքը, որում նա պնդում է, թե երեխաները քաղցկեղով են հիվանդանում միայն այն պատճառով, որ ընտանիքում իրենց դժբախտ են զգում։ Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նոր սկանդալ ծագեց, երբ փեսացուի մայրը, որն ապրում է Նյու Յորքում, նորվեգական լրատվամիջոցներին ասել էր. «Իմ տղան պարզապես հմուտ մանիպուլյատոր է, որը լվանում է մարդկանց ուղեղները։ Այդ արքայադստեր խելքն էլ է կերել։ Նա բոլորովին այնպիսի մարդ չէ, ինչպիսին ներկայանում է»։
Հետաքրքիր է, չէ՞. թվում էր, թե մայրը պիտի ուրախ լինի, որ տղան, այսպես ասենք, արքայադուստր է «կապել», այնինչ այս կինն ընդհակառակը՝ ամեն ինչ անում է, որ Նորվեգիայի թագավորի աղջիկը հուսախաբվի։ Իսկ նա չի հուսախաբվում. սիրած շամանի հետ ստորագրել է սկեսրոջն ուղղված մի նամակ, որում նրանք սպառնում են դատի տալ Վերետի մորը, եթե նա շարունակի վարկաբեկել որդուն։ Սա, ի դեպ, խիստ բացասաբար է ընդունվել Նորվեգիայի հանրության կողմից, որովհետև շատերը համոզված են՝ մայրն ամենևին էլ չի վարկաբեկում որդուն, այլ ճշմարտությունն է ասում նրա մասին։ Բա մեր արքայադուստրը նման, արի ու մի ասա, շառլատանի՞ն էր արժանի։
Ալեն Դելոն. «Մահն այս աշխարհում միակ բանն է, որում կարող ես վստահ լինել»
Բայց կա նաև այլ կարծիք։ Ոմանք ասում են՝ հետո՞ ինչ, որ այս շամանը բավական կասկածելի անձնավորություն է, հետո՞ ինչ, որ պնդում է, թե իրականում աշխարհը ղեկավարում են այսպես կոչված իլյումինատները՝ մի խումբ ազդեցիկ մարդիկ, որոնք որոշում են ողջ մարդկության ճակատագիրը. այդ դավադրության տեսությանը շատերն են հավատում։ Չէ՞ որ այս զույգը տարիներ շարունակ ստիպված է եղել դիմակայել հանրության հեգնական, արհամարհական և անարդարացի վերաբերմունքին, տարել է բոլոր վիրավորանքները, նկատել է, թե ինչպես են նույնիսկ ընկերներն ու մտերիմները քմծիծաղում իրենց հետևից, բայց պահպանել է գլխավորը՝ սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ։ Ինչպես ասել է ամերիկացի բանաստեղծուհի Էմիլի Դիքինսոնը, սերն ամեն ինչ է, և դա այն ամենն է, ինչ մենք գիտենք սիրո մասին։