Վերջին ամիսներին Բուլղարիայի դեսպանատուն դիմողների թիվը կտրուկ ավելացել է։ Պարզվել է, որ նրանց մեծ մասն այդ երկրում հանգիստն անցկացնելու մտադրություն չունի։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչու են Շենգենյան վիզա ստանալու համար մարդիկ դիմում այս քայլին ու ինչու են սահմանապահները նրանց հաճախ հետ ուղարկում ՀՀ։
Բուլղարիայի դեսպանատնից վիզա ստանալու համար այսօրվա դրությամբ պետք է սպասել առնվազն 1 ամիս։ Այսինքն, եթե հենց այսօր դիմեք դեսպատատուն, ապա ազատ պատուհան կստանաք սեպտեմբերի 28-ին։ Նախկինում նման հերթ այս դեսպանատանը երբեք չի եղել։
Աննախադեպ իրարանցման պատճառն այն է, որ Բուլղարիան այս տարվա մարտից մասնակիորեն միացել է Շենգենյան գոտուն։ Քանի որ Իտալիայի կամ Գերմանիայի դեպանատուն մուտքի համար առնվազն 6–8 ամիս պետք է սպասել, իսկ լինում են դեպքեր, երբ վիզան շտապ է պետք լինում, ՀՀ շատ քաղաքացիներ հենց այս «սխեմայով» շտապ վիզա ստանում։ Այսինքն` դիմում ու ստանում են Բուլղարիայի վիզա, բայց այցելում Շենգենյան գոտու այլ երկիր։
Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի համահիմնադիր և նախագահ Ալինա Պետրոսյանի տվյալներով` վերջին մի քանի ամիսներին Բուլղարիայի դեսպանատուն դիմած անձանց 80 տոկոսը Բուլղարիայում հանգիստն անցկացնելու մտադրություն չի ունեցել։ Այդ երկիրը ծառայել է միայն որպես տարանցիկ երկիր Եվրոպա մեկնելու համար։
Վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել երկու ՀՀ քաղաքացիների հետ կատարված դեպքը Բուլղարիայի օդանավակայանում։ Բուլղարիայում սահմանապահները չեն կնքել տղաների անձնագրերը (չնայած նրանք ունեցել են վիզա), տարել են առանձին տարածք, որտեղ խուզարկել են և մոտ երեք ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել, որ մերժում են մուտքը երկիր։ Նրանց տվել են մերժման մասին թերթիկ, որում նշված է եղել, որ երիտասարդները չեն կարողացել հիմնավորել Բուլղարիա այցի նպատակը։
Մասնագետը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, փաստաթղթերի հետ ինչ որ խնդիր է եղել, կամ էլ նրանք իսկապես պատրաստվել են երրորդ երկիր մեկնել, սահմանապահները հասկացել են դա և որոշել են կանխել։
«Ես վստահ եմ` իրենց վրա էլ է սահմանափակումներ դրված ԵՄ–ի կողմից, որպեսզի միգրացիոն հոսքերը կառավարելի լինեն։ Արդեն երկրում սահմանապահն իրավասու է տալ հարցեր, որոնց պետք է հստակ պատասխան տրվի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե ստացել ես Բուլղարիայի վիզա ու նախատեսում ես հանգիստդ անցկացնել այնտեղ, քեզ երբեք սահմանապահը հետ չի ուղարկի։ Իրենք հարցեր են տալիս, ու եթե պատասխանները կասկածելի են լինում, հետադարձի տոմս չի լինում, հյուրանոցի ամրագրում չեն կարողանում ներկայացնել, բնականաբար, առաջանում են խնդիրներ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի համահիմնադիր և նախագահ Ալինա Պետրոսյանը։
Նա նշեց` եթե Բուլղարիան այս «սխեմայում» նոր երկիր է, ապա Հունաստանն արդեն վաղուց է ՀՀ քաղաքացիների կողմից «օգտագործվում», որպես արագ վիզա ստանալու դեպանատուն։
Ամեն ինչ սկսվել է մոտ 4 տարի առաջ` հետպատերազմյան ու հետքովիդյան շրջանում։ Արտագաղթի տեմպերը կրճատելու համար առավել մեծ հոսք ունեցող դեսպանատներում սկսեցին արհեստական հերթեր առաջացնել։ Ալինա Պետրոսյանը պատմում է, որ այս հարցով բազմից դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն, բայց ապարդյուն։ Ոչ մի պարզաբանում մինչ օրս չեն ստացել։
«Ես վստահեցնում եմ` մինչ այս դեպքն էլ 70-80 տոկոսը դիմել է ինչ–որ երկրի դեսպանատուն, բայց մեկնել է մեկ այլ երկիր, ու սա ոչ թե մարդկանց քմահաճույքն է, այլ կոլապսի արդյունքն է, որը ստեղծվել է պատերազմից հետո։ Ես վստահ եմ, որ այդ դժվարությունները արհեստականորեն են ստեղծված, քանի որ ես բացառում եմ, որ այդքան դեսպանատերում միաժամանակ ժամ վերցնելու խնդիր առաջանար։ Համոզված եմ, որ կառավարությունից հրահանգ կա, ու նպատակը երևի արտգաղթը կրճատելն է»,– ասում է նա։
SputnikԱրմենիայի հետ զրույցում Բուլղարիայում ՀՀ նախկին դեսպան Արսեն Սհոյանն ասաց, որ բոլոր երկրներում էլ սահմանապահների մերժման դեպքեր շատ են եղել ու միշտ էլ կլինեն։ Նա կարծում է, որ ցանկացած դեպք պետք է ուսումնասիրվի և լուծում ստանա պետական մակարդակով։
«Պետք է հետևողական աշխատանք տանել` և՛ սահմանապահի մերժման պատճառը հասկանալ, և՛ քաղաքացիների ներկայացրած փաստերը ուսումնասիրել։ Բայց քաղաքացու պաշտպանությունը առաջնային է. եթե նրան խոշտանգել են, կամ իրավունքները ոտնահարել են, հարկավոր է ուսումնասիրել ու եզրակացություններ անել»,– ասում է նախկին պաշտոնյան։
Բայց խնդիրն ուսումնասիրելու ու դրան լուծում տալու փոխարեն ՀՀ ԱԳՆ–ն միայն հայտարարություն է տարածում` զգուշացնելով քաղաքացիներին չդիմել այն երկրի դեսպանատուն, որտեղ նրանք չեն պատրաստվում մեկնել հանգստի կամ գոնե ավելի երկար ժամանակ անցկացնել, քան մյուս երկրներում։ Ինչ վերաբերում է Բուլղարիայում ՀՀ դեսպանատանը, ապա այս կառուցը պարզապես լռում է։