Միանգամից ասեմ՝ շատ դժվար է լուրջ ընդունել իշխանությունների կողմնակիցների հայտարարություններն այն մասին, թե դա զուտ իրավական գործընթաց է։ Ակնհայտ է, որ նման պնդումների հեղինակներն, ինչպես ասում են, ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, որովհետև այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած լիդերները երբեք էլ չեն թաքցրել, որ ի սկզբանե ցանկացել են ամեն ինչ անել, որպեսզի հանրապետության բարձրագույն դատարանում ոչ մի «նախկին» չմնա։
Ընդ որում, իրենց նպատակին հասնելու համար սկզբում օգտագործեցին քաղցրաբլիթը։ Արդարադատության նախարարությունը շրջանառության դրեց մի նախագիծ, որով բարձր դատարանի յոթ անդամներ, այդ թվում էր նաև Հրայր Թովմասյանը, կարող էին անմիջապես անցնել վաղաժամ կենսաթոշակի, բայց մինչև պաշտանավորման ժամկետի ավարտը ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը: Պատկերացնո՞ւմ եք՝ ոչինչ չեք անում, հանգիստ նստում եք տանը, բայց ամեն ամիս բարձր աշխատավարձ եք ստանում։ Ի՜նչ զոհողությունների կարող են դիմել իշխանությունները անցանկալիներից ազատվելու համար։ Իհարկե, մեր հարկերի հաշվին։ Սակայն Սահմանադրական դատարանի որևէ անդամ այս գայթակղիչ առաջարկից չօգտվեց։ Այսինքն, քաղցրաբլիթը չաշխատեց, եկավ մտրակի հերթը։
Դեռ ավելի քան 4 տարի առաջ՝ 2020 թվականի սկզբին, իշխող ուժի խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարանի 9 անդամներից 7-ը, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, անմիջական պատասխանատվություն են կրում ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների խեղման համար։ Մեջբերեմ. «Ընտրությունից ընտրություն, հանրաքվեից հանրաքվե ժողովրդի կամքը բռնաբարվում էր, ու դա տեղի էր ունենում Սահմանադրական դատարանի լուռ համաձայնությամբ, երբեմն իրենց մասնակցությամբ»։
Հենց այսպես հայ ժողովրդի համար ողբերգական տարում, երբ Ադրբեջանը ողջ թափով Ղարաբաղի դեմ պատերազմին էր պատրաստվում, Հայաստանի իշխանությունները սկսեցին կատաղի կռիվը Սահմանադրական դատարանի անդամների և առաջին հերթին այդ մարմնի ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ։
Սկզբում մտադրվել էին պարզապես փոխել օրենքը և այդպես ազատվել անցանկալիներից, բայց հետո որոշվեց համաժողովրդական հնչողություն հաղորդել խնդրին և ապրիլի 5-ին սահմանադրական հանրաքվե անցկացնել, որը շատերն անվանում էին «Հրայր Թովմասյանի հարցով հանրաքվե»։ Իրոք, նախադեպը դժվար է գտնել որևէ երկրում։ Երևի կարելի է համաձայնել նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, որն այն ժամանակ հեգնանքով փաստեց՝ Հրայր Թովմասյանն իր տրանսֆերի գումարով գերազանցեց եվրոպական ամենահայտնի ֆուտբոլիստներին։ Այսինքն, իշխանությունները պատրաստ են Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելու համար այնքան հսկայական գումար ծախսել հանրաքվեի վրա, որն իսկի եվրոպական առաջատար ակումբները չեն կարող իրենց թույլ տալ, ասենք, Քարիմ Բենզեմային կամ Տոնի Կրոսին հրավիրելու համար։ Բայց 2020 թվականի գարնանը Հրայր Թովմասյանին, եթե կարելի է այդպես ասել, «փրկեց» կորոնավիրուսի համավարակը։
Սակայն նույնիսկ քովիդը չկասեցրեց «նախկին սահմանադրականների» դեմ իշխանությունների անողոք արշավը։ Ընդամենը մի քանի ամիս անց՝ նույն 2020 թվականի ամռանը, խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց մի փաստաթուղթ, որով դադարեցվեցին Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարեց լինել Սահմանադրական դատարանի նախագահ և մնաց շարքային անդամ։ Եթե հիմա դատապարտվի, բնականաբար, այդ կարգավիճակից էլ կզրկվի։
Շատ ճիշտ եք, սա ամենևին նոր բան չէ. բոլոր ժամանակներում գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, իշխանությունները միշտ ձգտել են ունենալ հլու հնազանդ Գերագույն կամ Սահմանադրական դատարան։ Երբեմն ստացվել է, երբեմն չի ստացվել։ Բայց Հայաստանում հենց այս պահին այդ խնդիրը խիստ հրատապ է դարձել։ Ինչո՞ւ։ Առաջին հայացքից, կարող է տարօրինակ թվալ, բայց խոսքը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է։
Տեսե′ք։ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարները բազմիցս են շեշտել, որ խաղաղության համապարփակ պայմանագրի ստորագրմանն այժմ ընդամենը մի բան է խոչընդոտում՝ Հայաստանի Սահմանադրությունը, որում հղում է կատարվում Անկախության հռչակագրին, որում իր հերթին հղում է կա 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշմանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայաստանի վարչապետն, իր հերթին, հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծը մշակել և հաստատել, ուշադրությո′ւն, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։ Այսինքն, եթե նույնիսկ իշխանությունները մտադիր են հրաժարվել Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրությունում հիշատակելուց, դա պարզ կդառնա միայն ավելի քան երկու տարի անց։ Էլ չեմ ասում, որ դրանից հետո էլ ժողովուրդը կարող է չընդունել նոր Սահմանադրությունը։ Եկեք չմոռանանք նաև, որ 2026 թվականին մեզ մոտ խորհրդարանի ընտրություններ են սպասվում, և ամենևին միանշանակ չէ՝ եթե իշխանափոխություն կատարվի, արդյոք նորերն ընդհանրապես կցանկանա՞ն փոխել սահմանադրությունը։
Եվ այս պայմաններում, պնդում են որոշ իրավաբաններ, գլխավոր դերակատար է դառնում Սահմանադրական դատարանը, որը պարզապես ցանկացած պահի կարող է հայտարարել, որ 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը և ուրեմն իրավական ուժ չունի։ Բայց դրա համար պետք է ունենալ այս իշխանություններին լիովին ենթարկվող Սահմանադրական դատարան։