ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․Կ․-ն մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
«Ինքնազգացողությունը վատացել է, օգոստոսի 26-ին` ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է Ա․Կ․-ի կենսաբանական մահը»,– հայտնեցին քրեակատարողական ծառայությունից։
Հայկական լրատվամիջոցներы գրում են, որ մահացածը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովում իրականացված ահաբեկչության գործով մեղադրյալներից մեկն է` Աշոտ Կնյազյանը։
Հիշեցնենք` 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը (այդ թվում Համլետ Ստեփանյանը) մահացան տարբեր հանգամանքներում. Նորայր Եղիազարյանը մինչև դատավճռի հրապարակումը հոսանքահարվեց ՔԿՀ-ում: Վռամ Գալստյանը կախվեց մենախցում, Էդիկ Գրիգորյանը մահացավ, 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը վճռից 7 տարի անց մահացավ սրտի կաթվածից: Աշոտ Կնյազյանը 5–րդն է։
Հավելենք, որ այս գործո ազատազրկման դատապարտվածներից ներկայում ՔԿՀ–ում իրենց պատիժն են կրում միայն Նաիրի Հունանյանն ու Դերենիկ Բեջանյանը։ Հունանյանի եղբայրը` Կարեն Հունանյանը, հոգեբուժարանում է։