Տնտեսական հանցագործությունների համար դատապարտված քանի՞ տնտեսվարող կա Հայաստանի ՔԿՀ–ներում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով տնտեսվարողը 10 մլն դրամ և ավելի խախտում անելու դեպքում 3 տարի կկալանավորվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 11 տնտեսվարող դատապարտված է տնտեսական հանցագործությունների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նախարարությունից նշում են, որ տվյալները 2024 թ. օգոստոսի 20–ի դրությամբ են։
Հանցագործությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի տնտեսական հանցագործությունների գլխում ներառված 29 հոդվածների հատկանիշներով։
Հիշեցնենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի նախագիծ, որով տնտեսվարողը 10 մլն դրամ և ավելի խախտում անելու դեպքում 3 տարի կկալանավորվի։ ՊԵԿ–ն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես` ուժը կորցրած ճանաչել 290–րդ հոդվածի 5–րդ մասը։
Վարչական ռեպրեսիանե՞ր, թե՞ քաղաքական հետապնդում. ո՞րն է ՊԵԿ նախաձեռնության նպատակը
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել էր խրախուսական նորմերի կիրառմամբ գործերի քննության վիճակագրական տվյալներ, ըստ որոնց` 2023 թ. ընթացքում քննվել է 932 քրեական վարույթ (հարկայինի մասով), ավարտվել է 464 վարույթ, կարճվել է 439 վարույթ, 60–ը` խրախուսական հիմքով, 379–ը` այլ հիմքերով, վերականգնվել է 27 միլիարդ ՀՀ դրամ։
Հիշեցնենք նաև, որ «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ–ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի: Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն անկանխատեսելի է դարձել նրանով, որ ամեն րոպե գործարարին կարող են կալանքի տանել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։