ՀՀ–ում պետական նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում կարվի

2022 թ.–ից մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը կիրականացնի պետական հատուկ նշանակության 24 ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ ըստ փորձագիտական եզրակացության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Գնահատումը նախատեսված է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով։
«Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սելավատարների անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նաև նշում է, որ ընթացքի մեջ է Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասի և կորուստների գնահատման երկրորդ փուլը, որին հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման գործընթացը։ Այդ շրջանակում կմշակվի միջոցառումների ծրագիր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը ՝ պատասխանատու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը։
Աղետի գոտում ո՞ւմ պետք է փոխհատուցել առաջինը` շատ հարկ վճարողի՞ն, թե՞ թույլին. կարծիքներ
Հավելենք, որ մասնագետները փաստում են՝ առավել հաճախ հեղեղումների պատճառը մարդկային գործոնն է, մասնավորապես՝ ափամերձ տարածքների աղտոտումը, ռիսկային տարածքներում ապօրինի շինությունների կառուցումը: Նման խոցելի գոտիներ հայտնաբերելու նպատակով իրականացվում է մշտադիտարկում։
2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում մայիսի 25-ից 26-ը տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել։