ԱՄՆ–ից ՀՀ ուղարկված առաքանու մեջ 1.6 կգ մարիխուանա է հայտնաբերվել. 3 անձ ձերբակալվել է

Այդ առաքանին Հայաստան ուղարկող անձը բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան, որտեղ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:
Sputnik
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը միջազգային առաքանուց հայտնաբերել է 1600 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրանք այդ թմրամիջոցը հայտնաբերվել է «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ–ի մաքսային հսկողության գոտում։ Զննության ենթարկված առաքանին, որտեղ անձնական օգտագործման առարկաներ են եղել, ԱՄՆ–ից «Տրանս Շիփփինգ» ՍՊԸ–ի միջոցով է ՀՀ ներմուծվել:
««Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փոխարեն նմանատիպ այլ փոխարինված զանգվածների պարունակությամբ ՊԵԿ ծառայողները միջազգային սուրհանդակային առաքանին Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում ստանալուց հետո ձերբակալել են ՀՀ քաղաքացի Ա․Գ․-ն։ Ձերբակալվելուց հետո վերջինս հայտնել է, որ նշված առաքանին իրեն չի պատկանում և այն պետք է փոխանցեր այլ անձի։ ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների հսկողության տակ վերջինս զանգահարել է ծանրոցն ուղարկող անձին և առաքանին փոխանցելու շուրջ ձեռք է բերել պայմանավորվածություն»,– ասված է հաղորդագրությունում:
Տվյալ քաղաքացին Էջմիածնում առաքանին փոխանցել է ՀՀ քաղաքացի Ա. Վ.-ին, ով առաքանին ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է և Ա․Գ․-ի հետ միասին տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Առաքանին ստանալու համար Ա․Վ․-ն ժամանել էր մեկ այլ քաղաքացու հետ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է փախուստի դիմած անձի ինքնությունը, վերջինս Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում ձերբակալվել է։
Պարզվել է, որ առաքանին ուղարկող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա.Ա.-ն, ով բազմիցս առաքանիներ է ուղարկել Հայաստան: Այդ առաքանիների մեջ եղել են առանձնապես խոշոր չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:
Ծանրոցների ուղարկման փաստերով նախկինում ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացի։