Փորս մեծանում էր, մտածում էի՝ կանացի խնդիրներ են․ 47–ամյա կինը` առաջնեկի ծնունդի մասին

Ծննդաբերությունից 5 օր առաջ զույգը Սուրբ Հովհաննես ուխտագնացության էր գնացել՝ Աստծուն խնդրելու իրենց զավակ պարգևել։ Թեպետ երեխան ծնվել էր բնածին արատով, սակայն 20-օրականում վիրահատվել է ու հիմա լիովին առողջ է։
Sputnik
27 տարվա սպասումից հետո լուսավոր ծնունդ՝ Լուսե անունով։ Աղջնակը ծնվել է 2 կգ 800 գրամ քաշով, 45 սմ հասակով։ 47-ամյա Գայանե Կիրակոսյանը հղիության մասին իմացել է ծննդաբերությունից առաջ, երբ արդեն ծննդաբերական սուր ցավերով շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել։ Այնտեղ սոնոգրաֆիա են արել ու հայտնել՝ հղի եք, ավելին՝ երեխան ծնվում է, և քանի որ երեխայի դիրքը բնական ծննդաբերության համար հարմար չէ, պետք է անհապաղ պատրաստել կեսարյան հատման։
53-ամյա Սենիկ Կիրակոսյանը հուլիսի 26-ի մասին հիշելիս հուզմունքով վերապրում է ամեն րոպեն։
«Ասացին՝ երեխան ծնվում է, ասացի՝ հնարավոր չէ։ Բժիշկն ասաց՝ ես արդեն 50 տարի է՝ աշխատում եմ ու դեռ երբեք չեմ սխալվել, էն էլ էսպիսի հարցում։ Տարան վիրահատարան, մինչև առավոտվա 8-ն աստիճանների վրա նստած սպասում էի, որ բժիշկը դուրս գա, աչքալուսանք տա, ասի՝ ձեր երեխան ծնվել ա»,- պատմում է երջանիկ հայրիկը։
Գայանե և Սենիկ Կիրակոսյանները իրենց առաջնեկի` Լուսեի հետ
Ասում է՝ վերջնականապես համոզվեց, որ երեխա են ունենալու, երբ սրտի բաբախյունը լսեց։ Երեխայի սեռն իմացան ծնվելուց հետո։
«Բոլորը զարմացել էին, ոչ մեկը չէր հավատում։ Որ զանգում էին՝ ինձ շնորհավորելու, հուզմունքից լացում էի, չէի կարողանում ինչ-որ բան խոսել»,- նշում է Գայանեն։
Գայանե Կիրակոսյանը իր առաջնեկի` Լուսեի հետ
Գրեթե 3 տասնամյակ այս զույգը ծնող դառնալու երազանքով է ապրել։ Քանի որ հնարավորությունները սահմանափակ էին, թեպետ բժշկի այցելել են, բայց լուրջ հետազոտություններ և միջամտություններ չեն ունեցել։
Գայանե և Սենիկ Կիրակոսյանները իրենց առաջնեկի` Լուսեի հետ
«Բժիշկներն ասում էին՝ ձեզ մոտ ամեն ինչ լավ ա, հանգիստ եղեք, կունենաք»,- ասում է Գայանեն։
Ինչպե՞ս է հնարավոր 9 ամիսների ընթացքում չզգալ երեխայի գոյությունը, չկասկածել հղիության մասին․ մայրիկը ժպտում է, ասում է՝ հղիությունը շատ թեթև է անցել, իրեն ոչ մի անգամ վատ չի զգացել։ Ֆիզիոլոգիական փոփոխություններն էլ տարիքով են բացատրել։ Կինը կարծել է, թե իր մոտ դաշտանադադար է սկսվում, փորի մեծանալն էլ հորմոնալ խախտումների հետ են կապել։
Ասում են՝ ծնող դառնալու հույսը երբևէ չեն կորցրել։ Ծննդաբերությունից 5 օր առաջ էլ Սուրբ Հովհաննես հերթական անգամ ուխտագնացության էին՝ կրկին երկնառաք նույն խնդրանքով։
«Ասեցի՝ Աստված ջան, մի բալիկ պարգևի, էդ երազանքով բարձրացա․․․»,- հուզվում է Գայանեն։
Փոքրիկ Լուսեն
«Ես միայն Աստծո հետ եմ կապում իմ գանձին, ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում սենց երջանկություն լինի։ Գիշերները, պատկերացրեք, չեմ էլ քնում, սպասում եմ՝ երբ է լացելու, զարթնի, որ գրկեմ, մաման իրան կերակրի»,- պատմում է հայրիկը։
Սենիկ Կիրակոսյանը
Ծնվելուց մոտ 20 օր անց Լուսեի մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան՝ փսխումներ։ Փոքրիկին տեղափոխեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոց։ Պարզվեց՝ երեխան լույս աշխարհ է եկել աղեստամոքսային տրակտի` կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատով։
Փոքրիկ Լուսեն
«Երեխայի քաշի դեֆիցիտ էր գնում։ Երեխայի բնածին արատը բավականին լավ արդյունքներով կորեկցիայի է ենթարկվում, բայց առանց վիրահատական միջամտության այդ երեխաներն ապրել չեն կարող»,- նշում է Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը։
Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյան
Ասում է՝ լուրջ դժվարություններ չեն եղել, քանի որ «Մուրացանը» հատկապես վերջին շրջանում նորածնային վիրաբուժության մեծ փորձ ունի։ Վիրահատելուց հետո երեխայի խնդիրը լիովին վերացել է։ Բժիշկը վստահեցնում է` փոքրիկ սպին արագ կվերանա, խնդիրն իր մասին այլևս չի հիշեցնի, ավելին՝ բնածին արատը վերացնելուց հետո, որպես կանոն, փոքրիկներն ավելի արագ են մեծանում և քաշ հավաքում։
«Մենք հպարտ ենք, որ կարողացել ենք նման պարագայում ծնված բալիկին օգնել։ Ես նրա համար ասում եմ՝ արագիլն է բերել, ինչքան մեծանում ես, հեքիաթներին հավատում ես։ Տվյալ դեպքում կարող եմ ասել, որ հեքիաթային արագիլն այս օջախին լույս է բերել»,- ասում է Նիկոլայ Դալլաքյանը։
Գայանե և Սենիկ Կիրակոսյանները հետևում են, թե ինչպես է բժիշկ Աննա Չոբանյանը զննում իրենց նորածին դստերը
Թեպետ այն խնդիրը, որով վիրահատվել է փոքրիկը, բավականին հաճախ է հանդիպում, բայց հիվանդանոցում ասում են՝ Լուսեին բոլորն են հիշելու՝ որպես սուպերարտառոց ծնունդ։ Իսկ երջանիկ ընտանիքում հիմա արդեն չեն բացառում, որ կարող է երկրորդ հրաշքն էլ տեղի ունենալ։
Փոքրիկ Լուսեն