«Նոր Ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանը

Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Երգչուհին գրառում է արել «Ինստագրամի» իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին։
«Մի՛ հանձնվեք,միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,– գրել է երգչուհին։
Նշենք, որ Անահիտ Հակոբյանն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատանքին` 3 մրցութային օրերին հավաքելով 222 միավոր։ 3-րդ մրցույթային օրը Հակոբյանը կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած «Իմ ուղին» (Мой путь) երգը:
Մրցույթի ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը նշեց, որ իրեն ամենաշատը դուր է եկել Հակոբյանի ելույթային երկրորդ օրը։
«Երկբևեռ սեր». համացանցում հասանելի է Սարո Գևորգյանին հաղթանակ բերած կատարումը. տեսանյութ
«Այդ օրվա ելույթդ շատ ավելի հզոր էր, բայց այստեղ, այսօր, ինչ-որ անձնական բան կար, հույզեր կային`ինչ-որ չափով թաքնված։ Ինձ թվում էր, որ սա բավականին լուրջ ելույթ էր և լավագույն եռյակի հայտ», - ասել է Կրուտոյը:
Ժյուրիի անդամ Ֆիլիպ Կիրկորովը Հակոբյանի ելույթն անվանեց փայլուն, վիրտուոզ, ոճային և վեհ։
«Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, աջակցում եմ այդ երկրին և կատարողին, որոնք միշտ հիանալի են ներկայացնում իրենց երկիրը», - ասաց նա:
Նա ընդգծել է, որ Հակոբյանը պատշաճ ներկայացրել է գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, և տաղանդավոր Հայաստանը։
Նշենք, որ մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի27-ին:
Անահիտ Հակոբյանը ծնվել է Երևանում։27–ամյա երգչուհին ավարտել է Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցը և կրթություն ստացել ժողովրդական երգեցողության բաժնում։
Ինչպես Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «բեք վոկալն» օգնեց «Նոր ալիքի» Հայաստանի մասնակցին
Երգչուհու ստեղծագործական կյանքում շրջադարձային է եղել 2017 թվականը, երբ նա մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանին։ Երիտասարդ երգչուհին ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի թիմում և ընդգրկվել մրցույթի լավագույն վոկալիստների տասնյակում։
2024 թվականի սկզբին երգչուհին ներկայացրել է իր «Ուրիշ աշխարհ» ստեղծագործությունը և տեսահոլովակը։