Քաղաքական հետապնդումներ Բաքվի էկոլոգիական համաժողովի նախաշեմին

Բաքու
Sputnik
Այս տարվա նոյեմբերին անհամբեր սպասում են երկու պետություններ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ադրբեջանը։ Աշնանը երկու երկրներում էլ ընտրություններ են կայանալու, Ամերիկայում՝ նախագահական, Ադրբեջանում՝ խորհրդարանական։ Բայց եթե ամերիկյան ընտրությունները հենց նոյեմբերին են լինելու, ապա ադրբեջանցիներն իրենց Մեջլիսն ընտրելու են սեպտեմբերին։ Եվ քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդ խորհրդարանական ընտրությունները բացարձակ ոչինչ չեն փոխելու, Ադրբեջանի իշխանությունների համար տարվա գլխավոր իրադարձությունը ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովն է, որը կայանալու է նոյեմբերի կեսերին։
Ընդամենը մի քանի վերնագիր Բաքվում լույս տեսնող իշխանամետ լրատվամիջոցներից. «Բաքուն կդառնա աշխարհի կենտրոն», «Ադրբեջանում գագաթնաժողովի անցկացումը մեր երկրի բարձր հեղինակության ճանաչումն է ողջ աշխարհի կողմից»… Կարծում եմ՝ շարունակելու կարիք չկա։
«Տիեզերակայանի պատանդները». ուղեծրում «լռված» տիեզերագնացներն ու քաղաքականությունը
Հայտնի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը նախկինում էլ է միշտ օգտագործել խոշոր միջազգային միջոցառումները երկրի դրական իմիջը ձևավորելու համար։ Հիշենք Բաքվում կազմակերպված «Եվրատեսիլի» մրցույթը, Ֆորմուլա-1-ը, Եվրոպական խաղերը, նույնիսկ օլիմպիական խաղերն էին ուզում իրենց մոտ անցկացնել, բայց չստացվեց։ Եվ արդեն կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ նոյեմբերին Բաքու մեկնող տասնյակ պատվիրակություններից որևէ մեկը չի հիշելու, որ ախր ընդամենը մի քանի ամիս առաջ Ադրբեջանը բնապահպաններին օգտագործել է Արցախը շրջափակելու և խաղաղ բնակիչներին սովի մատնելու համար։ Կարծում եմ, որ համաժողովի 50 հազար մասնակիցներից գեթ մեկը չի բարձրաձայնի, որ հենց վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանում այնպիսի բռնաճնշումներ են սկսվել այլախոհների, ընդդիմադիրների և լրագրողների նկատմամբ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները փաստել են՝ նման բան չէր եղել վերջին 20 տարիների ընթացքում։
Այս շաբաթ Բաքվում ձերբակալվեց երիտասարդ քաղաքագետ, Պրահայի Կառլովի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամադովը։ Նրա գործընկերներից մեկն այսպես է բնորոշում հետազոտողին. «Բահրուզն ուսումնասիրում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և խստորեն քննադատում էր նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը։ Նա այն սակավաթիվ ադրբեջանցի հասարակական գործիչներից էր, որոնք հրապարակավ հանդես էին գալիս Ղարաբաղյան պատերազմի և այնտեղից հայ բնակչությանը դուրս մղելու դեմ։ Նա երբեք չէր վախենում քննադատել հայատյացությունը, որի վրա Ալիևը հիմնում է իր գաղափարախոսությունն Ադրբեջանում»։ Հիմա տեսե՛ք, թե ինչ է գրել նույն Բահրուզ Սամադովի մասին ադրբեջանական իշխանամետ թերթերից մեկի մեկնաբանը. «Ըստ երևույթին, այս մարդը և նրա տերերը չեն կարողանում մարսել Ադրբեջանի հաղթանակը։ Նա պարտաճանաչ կերպով կատարում է հայկական լոբբիի բոլոր հրահանգները և ներկայանում որպես ընդդիմադիր՝ չգիտակցելով, որ կարելի է ընդդիմադիր լինել իշխանության նկատմամբ, բայց երկրի, պետության հանդեպ ընդդիմադիր լինելը մի անուն ունի՝ դավաճանություն»։
Անհասկանալի դիրքորոշում. կառչել ենք ՄԽ–ից՝ համաձայնելով հետաձգել ապաշրջափակման հարցը
Դժվար է պատկերացնել, թե ինչ այլ գնահատական էր սպասում Բահրուզ Սամադովը, որն այս տարվա սկզբին հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է. «Այսօր Ադրբեջանում հետզհետե նվազում է հետպատերազմական ոգևորությունը, և մարդիկ ավելի ու ավելի հաճախ են դժգոհություն արտահայտում։ Հայկական նոր տարածքներ գրավելու գաղափարը, որը քարոզում են իշխանությունները, այլևս աջակցություն չի գտնում հասարակության շրջանում, բայց և չկա խաղաղություն հաստատելու ուղիների շուրջ քննարկում՝ հայերի թշնամական կերպարը ամեն կերպ մտցվում է մարդկանց գիտակցության մեջ»։
Կարելի է միայն զարմանալ, թե ինչպես էր մինչև հիմա ազատության մեջ մնում նման մտքեր արտահայտող մարդը, որը պարբերաբար Պրահայից գալիս էր Բաքու։ Բայց ի վերջո տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր սպասել։ Բահրուզ Սամեդովի տատը՝ Զիբեյդա Օսմանովան, «Turan» գործակալության թղթակցին պատմել է. «Երեկոյան ժամը 4-ին թոռս դուրս եկավ՝ ընկերների հետ հանդիպելու։ Կես ժամից մեր բնակարան մտան 5-6 հոգի, որոնք ներկայացան որպես պետանվտանգության ծառայության աշխատակիցներ։ Ասացին, թե բողոք են ստացել`իբր թոռս թմրանյութ է վաճառում։ Տունը խուզարկեցին, ոչ մի թմրանյութ չգտան, բայց առգրավեցին Բահրուզի համակարգիչը, նրա անձնագիրը, երկու դիպլոմները և անգլերեն մի գիրք, որում իր հոդվածն է զետեղված։ Ավելի ուշ ինձ զանգահարեց Վաֆա անունով մի կին, որն ասաց, թե ինքը փաստաբան է, և հայտնեց, որ Բահրուզը կասկածվում է պետական դավաճանության և հայերի պատվերով հոդվածներ գրելու մեջ»։
«Open Caucasus Media» կայքն ամփոփում է. «ՄԱԿ-ի համաժողովից առաջ Ալիևը «մաքրում է» Ադրբեջանը այլախոհության վերջին հետքերից, որպեսզի ընդհանրապես ոչինչ չխանգարի հյուրերի առջև ձև անելուն, թե Ադրբեջանը միանգամայն նորմալ պետություն է, որտեղ գերակայում է օրենքը։ Հեղինակապաշտական վարչակարգը, որը եկամուտների առյուծի բաժինը ստանում է բնությունը ապականող նավթի արդյունահանումից, էթնիկ զտումներ է իրականացնում և ճնշում այլախոհությունը, ՄԱԿ-ի օգնությամբ ցանկանում է բարձր վարկանիշ ձեռք բերել»։ Կներե՛ք, որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ իր այս նպատակն էլ Ադրբեջանի նախագահը կիրականացնի 100 տոկոսով։
Ապագա կա՞. ինչու էր ապագան ավելի պայծառ թվում առաջ