Մեկ օրում ավելի քան 240 տոննա մարդասիրական օգնություն է հասցվել ՌԴ Կուրսկի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ պահակախումբը մարզ է հասցրել Կարաչայ-Չերքեզական Հանրապետության բնակիչների հավաքած սննդամթերքը, ինչպես նաև անձնական հիգիենայի և անկողնային պարագաները։
«Կորած և տուժած երեխաների օգնության ազգային կենտրոնի կամավորները մարդասիրական բեռը փոխանցել են Կուրսկի մարզի ժամանակավոր տեղակայման վայրում գտնվող բնակիչներին։ Կամավորները խաղալիքներ, դեղորայք, կոշիկ, սպորտային հագուստ, դպրոցական պարագաներ և այլ իրեր են բերել անհատական հայտերով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։ Ինչպես օգոստոսի 22-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 4,7 հազար զինծառայող, 68 տանկ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։