Մահացել է ԴՔԿԾ-ի ևս մեկ աշխատակից, որին պատանդ էին վերցրել ուղղիչ գաղութում

Զոհերի թիվը հասել է 4-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի- Sputnik. Վոլգոգրադի թիվ 19 ուղղիչ գաղութում պատանդառված Դաշնային քրեակատարողական ծառայության (ԴՔԿԾ) աշխատակիցը մահացել է հիվանդանոցում, գերատեսչության մամուլի բյուրոյի հաղորդագրությունն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:

«Ցավոք, պատանդառված և հիվանդանոց տեղափոխված աշխատակիցը մահացել է»,–ասվում է հայտարարության մեջ:

Այսպիսով, զոհերի թիվը հասել է 4-ի:
Հիշեցնենք` միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Վոլգոգրադի մարզի Սուրովիկինոյում գտնվող «Ուղղիչ գաղութ-19»-ում՝ կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ինչպես հայտնել են ԴՔԿԾ մամուլի ծառայությունից, չորս բանտարկյալներ պատանդ են վերցրել գաղութի ութ աշխատակիցների և չորս դատապարտյալների: Ընդ որում, ծառայության չորս աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի կտրած-ծակած վնասվածքներ․ նրանցից երեքը մահացել են տեղում: Բացի այդ, հանցագործներին դիմադրություն ցույց տված չորս մարդ հոսպիտալացվել է։
Վոլգոգրադի մոտ հատուկջոկատայինները չեզոքացրել են 4 բանտարկյալի և ազատել պատանդներին
Մի քանի Telegram-ալիքներ հրապարակել են ենթադրյալ հանցագործների տվյալները։ Նրանք են՝ Ռամզիդդին Տոշևը (ծնված 1995 թվականին), Նիզիրչոն Տոշովը (ծնվ․ 1996 թվականին), Ռուստամչոն Նավրուզին (ծնվ․ 2001 թվականին) և Թեմուր Հուսինովը (ծնվ․ 1995 թվականին)։ Նրանք բոլորը ծնունդով Ուզբեկստանից և Տաջիկստանից են։ Դատական նյութերի համաձայն՝ չորս չարագործներից երեքը (Տոշևը, Տոշովը և Նավրուզին) պատիժը կրել են թմրանյութերի իրացման հոդվածներով։ Հուսինովը գաղութում է հայտնվել փողոցային ծեծկռտուքի ժամանակ մարդ սպանելու համար։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ պատանդներ վերցնելու և ուղղիչ հիմնարկների գործունեությունը խափանելու հոդվածներով։