ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Պրոբացիայի ծառայությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Օգոստոսի 21-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքն ու կասեցրել Առուշանյանի լիազորությունները։ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը նրան հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի` նա տուգանվել է 700 հազար դրամով։ Առուշանյանը պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Ավելի ուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Գորիսի համայնքապետը շարունակում է պաշտոնավարել, քանի որ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար չի կարող կիրառվել։
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ Առուշանյանը օգոստոսի 19-ին ներկայացրել է նշանակված 700․000 դրամ տուգանքի վճարման անդորրագիրը։ Միաժամանակ նա շարունակում է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը՝ այսպիսով փաստորեն չկատարելով սահմանված պատիժը։
Պրոբացիայի ծառայությունն այս հիմքով միջնորդություն է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։
Նշենք, որ Առուշանյանի պատժի այս պատմությունը տարիներ առաջ է սկսվել։ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022թ․մարտի 28-ի դատավճռով նրան դատապարտել էր ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ ընդունված) 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և որպես պատիժ նշանակել տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով։ Միաժամանակ նույն դատավճռով նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք (նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով) և ազատազրկում (1 տարի 3 ամիս ժամկետով)։
«Հանցանքների համակցությամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարվել են, և Առուշ Առուշանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 ամիս 18 օր ժամկետով, տուգանք նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ 5 տարի ժամկետով»,- տեղեկացնում են գերատեսչությունից։
Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի 6 ամիս ժամկետով:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր դատարանի` 2022թ․ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 2024թ․ հուլիսի 24-ին, իսկ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմին է մուտքագրվել 2024թ․ օգոստոսի 14-ին։
Նախարարությունից հայտնում են, որ Պրոբացիայի ծառայությունն Առուշանյանին գրավոր կարգով ներկայացրել է նրա իրավունքներն ու պարտականությունները, նաև չկատարելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը:
Հիշեցնենք` Առուշ Առուշանյանը 2021 թվականի հուլիսի 16-ին կալանավորվեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել էր մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
2022 թվականի մարտի 28-ին նա ազատ արձակվեց։