Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Շիրակի մարզում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Հացի արտադրամասը, որի գործունեությունը կասեցվել է
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։
«Արտադրամասի առաստաղը չի պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն։ Պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։ Արտադրամասն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հացի արտադրամասը, որի գործունեությունը կասեցվել է
Բացի այդ, հացի արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։ Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները եղել են ոչ նորոգ և ոչ պատշաճ վիճակում:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Բորբոս, կեղտի կուտակում..․ Գավառում հացի 3 արտադրամասի գործունեություն է կասեցվել