ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի հայտարարությունը որակել է որպես սեփական սխալների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու հերթական փորձ:
Նշենք, որ օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳՆ–ն կտրուկ էր արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին։ ՌԴ ԱԳ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ առկա պայմանավորվածությունները։
«Սա պաշտոնական Երևանի կողմից սեփական սխալների, ռազմավարական սխալ հաշվարկների մեղքը ուրիշների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի վրա բարդելու հերթական օրինակն է»,- ասել է Զախարովան:
Նա մեջբերել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որին ավելի վաղ հղում էր արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Զախարովայի խոսքով՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ: Անցկացվել է ընդհանուր առմամբ 12 նիստ, որոնց արդյունքում հաջողվել է էական տեղաշարժեր գրանցել։
«Այսպես, հայկական կողմի խնդրանքով որոշվեց երկաթուղային հաղորդակցության գործարկումը չկապել ավտոմոբիլային հաղորդակցության հետ։ 2023թ. հունիսին Մոսկվայում կայացած վերջին հանդիպման ժամանակ հաստատվել են իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ կողմերի ինքնիշխանության և իրավասության սկզբունքները, ինչը պնդում էր հենց Երևանը։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր հրապարակել են նշված մեկնաբանությունը, բավարար ժամանակ կունենան դա ևս մեկնաբանելու համար»,- ասել է ռուս դիվանագետը։
Ինչպես նշել Է Զախարովան, կարգավորվել են բեռների միջազգային տարանցման և դրանց մաքսային հսկողության հարցերը: Այնուամենայնիվ, երկաթուղային հաղորդակցության գործարկման վերաբերյալ վերջնական պայմանավորվածության հասնել չհաջողվեց հենց սահմանային վերահսկողության հարցերում հայկական կողմի անզիջողականության պատճառով։
Նրա խոսքով՝ Երևանը հեռացել է նախկինում համաձայնեցված դիրքորոշումներից, սկսել է պնդել ՌԴ սահմանապահների ներկայության հարցում «փոխադարձության» սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք լինեն ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական կողմում:
«9-րդ կետի հակառակ՝ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են համաձայնեցնել ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության ուժերի կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկողության իրականացումը»,- հայտարարել է Զախարովան:
Դիվանագետը նաև նշել է, որ Երևանը որևէ պարտավորություն չի ստանձնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային երթուղու գործարկման ժամկետների վերաբերյալ: Նա հավելել է, որ հետագայում Հայաստանի իշխանությունները գնացին իրենց նոր` արևմտյան բարեկամների հետևից և փաստորեն սառեցրին եռակողմ աշխատանքային խմբում համատեղ աշխատանքը։
Զախարովայի խոսքով՝ պաշտոնական Երևանը, ցավոք, հերթական անգամ գործելով Արևմուտքի ցուցումով, բաց է թողնում ոչ միայն ի շահ սեփական ազգային տնտեսության հարևանների հետ տրանսպորտային հաղորդակցություն հաստատելու հնարավորությունը (այդ թվում՝ «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հաշվին), այլև տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման հնարավորությունը:
«Մենք հավատարիմ ենք մնում 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ հայտարարություններին: Այդ պայմանավորվածությունների համալիրը մնում է անայլընտրանքային հիմք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարգավաճման հասնելու համար»,- ասել է ռուս դիվանագետը:
Նա կոչ է արել ՀՀ իշխանություններին թույլ չտալ Արևմուտքին ապակայունացնելու Անդրկովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բազմամյա ջանքերը։ Նրա կարծիքով՝ դա հատկապես արդիական է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի` Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ ՌԴ-ի հարաբերությունների մեջ սեպ խրելու մոլուցքը։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրած եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։