Երևանի 33–ամյա բնակչի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում 9 կգ թմրանյութանման զանգված է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Այս գիշեր` ժամը 02։00-ի սահմաններում, պարեկները Երևան-Երասխ ավտոճանապարհին, Բաղրամյան գյուղի հատվածում նկատել են կայանված մի մեքենա: Մոտեցել ու պարզել են, որ «Տոյոտա Քեմրիի» վարորդը Երևանի բնակիչ է, 33 տարեկան տղամարդ: Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի հետևի նստատեղին նկատել են պոլիէթիլենային տոպրակներ` լցված կանեփանման զանգվածով»,– ասված է հաղորդագրությունում:
Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ առավոտյան ժամը 5։30-ին ավտոմեքենայում զննություն է կատարվել:
Զննության արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային վեց փաթեթ։ Դրանցից հինգը լցված է եղել կանեփանման զանգվածով՝ ընդհանուր ավելի քան 5 կիլոգրամ քաշով: Վեցերորդ փաթեթում, որը կշռել է ավելի քան 4 կիլոգրամ, բյուրեղանման, մեթամֆետամինի նմանվող զանգված է եղել:
Նշանակվել է փորձաքննություն: