Շրջափակված Լենինգրադից Հայաստան տարհանված երեխաների մասին ֆիլմը ցուցադրվել է «Ռոսիա 24»-ով

Ֆիլմը Հայաստանում ցուցադրվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» (Ռուսական տուն Երևանում) ներկայացուցչության աջակցությամբ և հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Թիվ 51 մանկատան սաների մասին վավերագրական ֆիլմը, որոնց շրջափակված Լենինգրադից տարհանել էին հայկական Սանահին գյուղ, ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստաալիքով:
«Կյանքի ճանապարհով՝ դեպի Սանահին. 1942»-ը պատմում է շրջափակման քիչ հայտնի դրվագի մասին։ Այն հաջողվել է վերստեղծել մանկատան տնօրեն Խանա Գերշանոկի պահպանած փաստաթղթերի շնորհիվ։ Նրա մահից հետո օրագրերը, նամակները և այլ փաստաթղթեր երկար տարիներ նույնքան խնամքով պահել է թոռնուհին։
Մանկատան սաներից ոմանք վերադարձան հարազատ Լենինգրադ (մի մասը պատերազմից անմիջապես հետո, մյուսները՝ ավելի ուշ), բայց մի քանիսը մնացին Հայաստանում ապրելու։ Սանկտ Պետերբուրգից ժամանած լրագրողներ Անդրեյ Դարինը և Եկատերինա Դոձինան զրուցել են այդ իրադարձությունների ողջ մնացած վկաների հետ:
Երևանում կայացել է «Կյանքի ճանապարհ դեպի Սանահին. 1942» ֆիլմի նախադիտումը
Ֆիլմը պատմում է մի քանի տասնյակ երեխաների ծանր ճակատագրի մասին, որոնք պատերազմի առաջին ամիսներից, երբ նրանց մանկապարտեզը վերածվել էր մանկատան, բախվում էին կորուստների և զրկանքների: 1942-ի գարնանը նրանք տարհանվեցին Լադոգա լճի վրա գործող «կյանքի ճանապարհով» դեպի Կրասնոդարի երկրամաս, բայց նույն տարվա ամռանը ստիպված էին շտապ դուրս բերել երեխաներին այնտեղից՝ փախչելով գերմանական զորքերի առաջխաղացումից: Նովոռոսիյսկով նրանց ուղարկել են Սուխումի, իսկ հետո՝ Հայաստան։ Դա հիմնականում հնարավոր է եղել մանկատան դաստիարակների նվիրվածության շնորհիվ։ Սանահինում երեխաներն ապրել են մինչև պատերազմի ավարտը՝ հաղթահարելով այդ ժամանակաշրջանի դժվարությունները և տեղացիներից ստանալով հնարավոր օգնություն:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Երևանում, Սանահինում, ինչպես նաև Գերմանիայում և Իսրայելում, որտեղ բնակվում են սաներից երկուսը:
Շրջափակված Լենինգրադի երեխաների մասին ֆիլմի պրեմիերան կայացավ Սանկտ Պետերբուրգում ու Սանահինում
Ավելի վաղ ֆիլմը ցուցադրվել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության (Ռուսական տուն Երևանում) աջակցությամբ՝ հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով: Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքով, ինչպես նաև մի շարք դիտասրահներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ժուռնալիստների միությունում:
Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Լենինգրադի պաշտպանության և շրջափակման պետական հիշատակի թանգարանը, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի լրագրողների միությունը, ինչպես նաև «Սոֆիա» ստուդիան: