Բաքուն ՌԴ հարթակը ընդունելի է համարում Երևանի հետ բանակցելու համար. Բայրամով

Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարարը կրկնել է Բաքվի դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Հայաստանի հետ բանակցելու տարբեր հարթակներից, իսկ ռուսական հարթակը միշտ ընդունելի է եղել Բաքվի համար։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Մենք բաց ենք հայկական կողմի հետ հանդիպումների համար, բանակցային գործընթացի բուն ձևաչափին։ Մենք դրա համար օգտագործում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև չմիջնորդավորված և երկկողմ ձևաչափը։ Մենք նաև երբեք չենք հրաժարվել տարբեր այլ հարթակներից։ Ռուսաստանի Դաշնության հարթակը մեզ համար միշտ էլ ընդունելի է եղել, և, բնականաբար, մենք պատրաստ ենք օգտագործել այդ հարթակը»,– ասել է արտգործնախարարը։
Նա կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է վերացնի ապագայում երկրների միջև տարածքային հարցին վերադառնալու բոլոր հնարավոր ռիսկերը:
Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը` գործընթացի ավարտի հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանի անկախության մասին փաստաթղթում և երկրի Սահմանադրության մեջ մինչ օրս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։
Պատրաստ ենք աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում. Պուտին