Մահացել է լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը

Ալեն Դելոնը Կաննի փառատոնին
Նա համարվում էր 1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը։ Նրա անունն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ գործածվում էր որպես տղամարդու գեղեցկության, հմայքի հոմանիշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Այսօր կյանքից հեռացել է լեգենդար դերասան Ալեն Դելոնը։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Դելոնն 88 տարեկան էր: Դերասանը քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն։ 2019 թվականին նա կրկնակի կաթված էր ստացել։
Ալեն Դելոնը համարվում էր 1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը։ Նրա անունն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ գործածվում էր որպես տղամարդու գեղեցկության, հմայքի հոմանիշ։
Դելոնին մեծ ճանաչում են բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1963), «Սև կակաչ» (1964) ֆիլմերը։
Վերջին 20 տարիների ընթացքում գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում Ալեն Դելոնը լրագրողներին խոստովանում էր, որ շատ է հոգնել կյանքից, աշխարհից և ինքն իրենից՝ հիվանդություններից, մենակությունից, հիշողություններից։
«Ամեն ինչ անցյալում է, ամեն ինչ ավարտվել է»,- ասաց նա 2019թ․ Կաննի փառատոնի բեմից, երբ պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» էր ստանում:
2022թ․ միջազգային լրատվամիջոցները սկսեցին հայտնել, որ Դելոնն էֆթանազիայի է պատրաստվում, անգամ համապատասխան բժշկական հաստատությունն է արդեն ընտրել։
Վերջին շրջանում լեգենդար դերասանի անունն ընտանեկան սկանդալների հետ էր կապվում, նրա երեք զավակները՝ դուստրը և երկու որդիները, դատարանում պայքարում էին հոր կարողության համար։ Դելոնի կարողությունը գնահատվում է մոտ 245 միլիոն եվրո․ կարողության կեսը նա կտակել էր դստերը՝ Անուշկային, մյուս կեսը հավասարաչափ բաշխել որդիների՝ Ալան-Ֆաբիենի և Էնթոնիի միջև, ինչը դուր չէր եկել նրանց։ Նրանք դատարանով պահանջել էին հորն անգործունակ ճանաչել, և 2024 թվականի հունվարի վերջին դատարանը սահմանափակել էր Ալեն Դելոնի գործունակությունը։
«Դելոնի գխավոր դերակատարմամբ վերջին ողբերգությունը նրա ընտանիքի փլուզումն էր»,- այդ ժամանակ գրեցին թերթերը։
Հավելենք, որ լեգենդար դերասանը 2012 թ. դեկտեմբերի 17-ին այցելել է Հայաստան «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերային ներկա լինելու համար. նրան հրավիրել էր ֆիլմի համապրոդյուսեր Վալերի Սահարյանը։