Սյունիքի մարզի Աղիտու գյուղում տեսնելու շատ բան կա։ Այստեղ զբոսաշրջիկներն ամենից հաճախ գալիս են հայտնի մահարձանի համար, և շատերը հեռանում են՝ չիմանալով, որ ոչ հեռու` Որոտանի կիրճում, հնագիտական իսկական գանձարան է թաքնված՝ «Աղիտու-3» անվանումը ստացած քարայրը։
«Աղիտու-3» քարայրը
© Sputnik / Aram Nersesyan
Այստեղ հայ-գերմանական արշավախումբը պեղումներ է իրականացվում 2009 թվականից սկսած՝ ամեն տարի հնագիտական նոր բացահայտումներ անելով։ Հայկական կողմից աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ հնագետ Բորիս Գասպարյանի, իսկ գերմանական կողմից՝ Թյուբինգենի համալսարանը՝ պրոֆեսոր Էնդրյու Քենդլի ղեկավարությամբ:
«Պեղման առաջին իսկ տարվանից պարզ դարձավ, որ սա պետք է լինի սիստեմատիկ պեղումների հուշարձան։ Այստեղ մենք արտակարգ արդյունքներ ենք ունեցել։ Մոտ 6 մետր խորություն կա այստեղ, տարբեր ժամանակների շերտեր։ Հիմնական մասը վերաբերում է վերին պալեոլիթին։ 40-23 հազար տարի առաջ մարդն այցելել է այս քարայր։ Անընդմեջ չի ապրել, բայց պարբերաբար գնացել ու եկել է»,- նշում է հնագետ Բորիս Գասպարյանը։
«Աղիտու-3»-ից այս տարիների ընթացքում պեղվել են հազարավոր գործիքներ, ոսկորից ասեղ (29-27 հազար տարվա ժամանակագրական շերտից), հուլունքներ, ծովախեցիներ և այլն։
Հնագետն ասում է՝ եթե խորհրդային շրջանի գրականությունն ուսումնասիրենք, ապա այնտեղ նշվում է, որ Հայաստանն ու Հայկական լեռնաշխարհը չէին կարող ունենալ վերին պալեոլիթին վերաբերող հնագիտական փուլը։ Հայաստանը բարձրադիր է, իսկ այդ ժամանակաշրջանում կլիման բավականին ցուրտ է եղել, և մարդը դժվար թե ապրեր Հայկական լեռնաշխարհում։ Մինչդեռ վերջին 20 տարվա հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կա այդ փուլին վերաբերող առնվազն 10 հուշարձան, որոնցից ամենալավ ուսումնասիրվածներից մեկն «Աղիտու-3»-ն է։
Ի՞չն է մարդուն այստեղ բերել։ Հնագետի կարծիքով՝ ջրի աղբյուրները, հարուստ կենսաբազմազանությունը, օբսիդիանի հանքավայրերը (որպես գործիքների համար հումք):
«Աղիտու-3» քարայրում պեղումներ են
© Photo : provided by Boris Gasparyan
Հնագետի խոսքով՝ քարանձավում հայտնաբերված բույսերի մնացորդներն ապացուցում են, որ մեր տատիկների բուժական բաղադրատոմսերը դեռ քարի դարից են հայտնի։ Ամենից շատ, ի դեպ, չիչխանի մնացորդներ են գտնվել։
«Աղիտու-3» քարայրը
© Sputnik / Aram Nersesyan
Քարայրի առջև նաև սառցադաշտային լիճ է եղել։ Այդտեղ ապրող մարդը զբաղվել է կաշվի մշակմամբ, շորեր կարել դրանից։
Քարի դարից բացի բացվել են նաև ուրարտական, անտիկ շերտեր, հետաքրքիր դամբարաններ, թաղումներ և այլն։
«Աղիտու-3» քարայրը
© Sputnik / Aram Nersesyan
Հայտնի է, որ մթ․ա․ 1-ին դարում քարայրը նաև սրբարան է եղել։ Հնագետին մինչև այսօր զարմացնում է այն, որ մ․թ․ա․ 1-ին դարում, երբ արդեն կար Գառնու տաճարը, քարայրը ևս օգտագործվել է որպես սրբարան։ Արդեն միջնադարում այն առավելապես տնտեսական նպատակների է ծառայել, խորհրդային տարիներին նույնիսկ կոլխոզի չորանոց եղել, մեր օրերում էլ քիչ էր մնացել՝ ռեստորանի վերածվեր։
«Աղիտու-3» քարայրը
© Sputnik / Aram Nersesyan
Քարայրում պեղումներ են իրականացվում գրեթե 15 տարի։ Վստահ են՝ դեռ մի քանի տարվա պեղելու նյութ էլ կա։ Այն, որ բացահայտումներ էլի են լինելու, մասնագետները չեն էլ կասկածում։ Դրանից հետո նպատակ կա «Աղիտու-3»-ը դարձնել զբոսաշրջային կանգառ` Աղիտու գյուղի, Սիսիանի ու շրջակայքի հուշարձանների փաթեթում մեր երկիր այցելողներին ներկայացնելու համար։