Կապիկի ծաղիկի ներթափանցման ռիսկը ցածր է. ՀՀ առողջապահության նախարարություն

Լաբորատորիա
ԱՀԿ–ն վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր»,– ասված է հաղորդագրությունում:
Օգոստոսի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:
Կապիկի ծաղիկը վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ երկրներում:
Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝ մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:
Գաղտնի շրջանը 5-21 օր է: Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:
Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):
Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85%-ով արդյունավետ է նաև կապիկի ծաղիկ հիվանդության համար։ ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ է օգտագործվում այս հիվանդության դեմ:
Ինչ վիրուսներ կան Հայաստանում. փորձագետը՝ համաճարակաբանական իրավիճակի մասին