ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Կալանավորված Ռուստամ Ստեփանյանը («Չաղ Ռուստամը») բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել: Այս մասին հայտնել է ՀՀ քրեակատարողական ծառայությունը` հերքելով մամուլում տարածված լուրը:
Ավելի վաղ mediahub կայքը գրել էր որ Նիկոլ Փաշինյանի օգնականն այցելել է «Չաղ Ռուստամին»: Նշվում էր, որ նրանք մոտ 1 ժամ զրուցել են:
Նշվել էր նաև, թե քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության մեջ մեղադրվող Ռուստամ Ստեփանյանին օրերս տարել են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ՝ հետազոտության և ամեն ինչ արել են, որ նրան «Աստղիկում» պահեն: Սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոնը» մերժել է, ու կալանավորված Ռուստամ Ստեփանյանին նորից տեղափոխել են կալանավայր։
«Հայտնում ենք, որ հոդվածում հրապարակված տեղեկությունները հերյուրանք են և իրականությանը չեն համապատասխանում։ Կալանավորված անձ Ռուստամ Ստեփանյանը բժշկական կենտրոնում որևէ անձի չի հանդիպել։ Վերջինս օգոստոսի 15-ին`ժամը 11։00-ին, տեղափոխվել է բժշկական կենտրոն, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո` ժամը 11։45-ին, դուրս է բերվել բժշկական հաստատությունից և վերադարձվել քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Ֆազի» սպանությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին` ժամը 23։15-ի սահմաններում։ Սպանության համար քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, 2 կազմակերպիչ կալանավորվել է՝ Ռուստամ Ստեփանյանն ու Ա․ Կյուրեղյանը։