Մահացել է «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին

Ալեքսանդր Խարչևսկին. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Խարչևսկին կարիերան ավարտել էր 2015 թվականին, երբ հասել էր զինծառայության համար ամենաբարձր տարիքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կյանքի 75-րդ տարում մահացել է զինվորական օդաչու–դիպուկահար, Ռուսաստանի վաստակավոր ռազմական օդաչու, Լիպեցկի ավիակենտրոնի նախկին պետ, «Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խմբի հիմնադիրներից մեկը` Ալեքսանդր Խարչևսկին։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզպետ Իգոր Արտամոնովը։
«Յուրաքանչյուրը, որ գոնե մեկ անգամ եղել է ավիաշոուին և տեսել Խարչևսկու բարձրագույն պիլոտաժը, հաստատապես մտածել է` իսկ ընդհանրապես կարո՞ղ են ինքնաթիռներն այդպես թռչել։ Իսկ երբ հասկացել են, որ բարձր պիլոտաժի նման հնարքներ կատարողը 70 տարեկան է, ավելի են զարմացել... Մարդ–լեգենդի մահը հսկայական կորուստ ողջ ավիացիայի համար», – գրել է Արտամոնովը։
Ալեքսանդր Խարչևսկին
Նրա խոսքով` Խարչևսկին ավելի քան 50 ուսումնական մարտ է իրականացրել օտարերկրյա ռազմական օդաչուների հետ միջազգային մրցումների ժամանակ և յուրաքանչյուրից դուրս եկել հաղթած։
«Ռուսաստանի բազեները» պիլոտաժային խումբը ստեղծվել էր 1993 թվականին ՌԴ ՌՕՈւ Լիպեցկի ավիակենտրոնի հենքի վրա` կատարելագործելու կործանիչների թռիչքային հմտությունները, ինչպես նաև Սու-27 ինքնաթիռների մանևրելու և օդաչուների մասնագիտական պատրաստության հնարավորությունները ցուցադրելու համար։ Այն միակ պիլոտաժային խումբն է, որը մարտական ինքնաթիռներով ցուցադրում է օդային մերձամարտի հնարքները մեծ արագությունների և գերցածր բարձրության վրա։