Ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է․ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետը նշում է, որ ֆունդամենտալ աշխատանք է արված ու մաստեր պլանի փաթեթը շուրջ 450 էջից է բաղկացած։
Sputnik
Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գերմանական GMP ընկերությունն ինձ ուղարկել է ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Շատ ֆունդամենտալ գործ է արված։ Այստեղ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի և այլն։ Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է մեր իրականության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Հուլիսի 9-ին «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլն էլ հայտարարել է, որ ակադեմիական քաղաքը ամբողջական ավարտը կարող է 20-30 տարի տևել, սակայն առաջնային են համարում սկզբում ավարտել կրթական և հասարակական շենքերի կառուցումը։ Քեյլը ընդգծել է, որ իրենց համար առաջնային է նաև հանրային տրանսպորտը, համերգային դահլիճները, մշակութային կենտրոնները։
Ակադեմիական քաղաքի առաջին շենքը պատրաստ կլինի մինչև 2029 թվականը. Թոբիաս Քեյլ