ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. 20-ամյա հղիի մահվան համար երեք բուժաշխատողի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ 2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշկական կենտրոն» ՓԲ–ից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, Վանաձորի ԲԿ–ից տեղափոխված 20-ամյա հղի կինը մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատճառն է հանդիսացել բազմաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երիկամային անբավարարությունը, որն առաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդյունքում թարախասեպտիկ պրոցեսի գեներալիզացիայի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի զարգացման հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթական հղի կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է Վանաձորի բժշկական կենտրոն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի մոտ:
Կնոջը տրվել է «աջակողմյան լյումբոիշալգիա» կլինիկական ախտորոշում։ Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել ։ Կինը նույն օրը դարձյալ դիմել է բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բաժանմունք՝ ստացիոնար բուժման:
Նշված բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի հետ, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնար պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակը վատացել է:
Մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ` բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից համատեղ իրականացվել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:
Կնոջը կրկին տրվել է «աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտաբանությունը:
20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգը օգոստոսի 24-ին նշանակել է թերապևտի կոնսուլտացիա։ Ինչպես քննությամբ պարզվել է, իրականացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, չի իրականացվել առնվազն թոքերի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և բուժել այն։
Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետազոտմամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ինչի պատճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:
Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել և ընդունվել է Երևանի «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրականացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ։ 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով հատկանիշներով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վարույթից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է: