Նոր քրեական հետապնդում Միքայել Մինասյանի նկատմամբ. նա ՀՀ–ին 350 մլն դոլարի վնաս է հասցրել

Դատախազությունը Մինասյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, հակամրցակցային գործունեություն և այլ հանցագործություններ կատարելու համար հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ նա անցնում է 76 դրվագով, պետությանը 350 մլն դոլարի վնաս է պատճառվել։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Միքայել Մինասյանը տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու, հակամրցակցային գործունեության, կաշառք տալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի լվացումներ իրականացնելու համար ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։ Դրանում բազմաթիվ անձինք են ընդգրկված»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։
Դատախազության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, գործով որպես մեղադրյալ անցնում է 13 անձ։ Նրանցից են «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը, «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Տիգրան Եղոյանը։
Մեղադրյալներից 3-ը ձերբակալված են։
Դատախազ Հակոբյանը նշել է նաև, որ ըստ մեղադրանքի՝ Մինասյանն իր մտերիմ Լեոնիդ Արևշատյանի հետ հափշտակել է պետական ռադիոընկերության շուրջ 600 մլն դրամ արժողությամբ գույքը, կատարել փողերի լվացում։ Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց» ընկերությունը։
Միքայել Մինասյանին նոր մեղադրանք է ներկայացվել «Ձորա ՀԷԿ»-ի քրեական գործով
Ըստ գերատեսչության՝ մեկ այլ դրվագով էլ Միքայել Մինասյանը կազմակերպել է Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից ԶՊՄԿ-ից շուրջ 18 մլրդ դրամի հափշտակություն։ Դրվագների շարքում հիշատակվում է նաև «Սպայկա» ընկերության բաժնետոմսերի ապօրինի ձեռքբերումը։
Դատախազը, շարունակելով ներկայացնել բոլոր դրվագները, նաև ընդգծել է, որ Միքայել Մինասյանը, ունենալով հանցավոր ծագում ունեցող շուրջ 25 մլն եվրո, այն փոխանցել է շվեյցարական բանկում իր և մերձավոր ազգականի անվամբ բացված 3 հաշվեհամարի։
«2011 թվականին նշված գումարներից շուրջ 5 մլն դոլարն ուղղվել է «Շանթ» հեռուստաընկերությանը, որի արդյունքում Մինասյանը դարձել է այդ ընկերության 48 տոկոս սեփականատերը»,- ասել է Հակոբյանը։
Դատախազությունից հայտնել են նաև, որ մյուս մասն էլ թաքցնելու համար մոտ 5,7 մլն դոլարն ուղղվել է «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ դառնալով 29 տոկոսի բաժնետեր։ Եվս 3 մլրդ 200 մլն դրամով Մինասյանը ձեռք է բերել «Երևան մոլի» բաժնետոմսերի 30 տոկոսը։
Հիշեցնենք` Մինասյանը 2008-2012թթ. եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, 2013-2018թթ. զբաղեցրել Է Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նա հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։
Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով։ 2023 թվականի օգոստոսին էլ ՀՀ դատախազությունը նոր մեղադրանք է ներկայացրել Մինասյանին՝ «Ձորա ՀԷԿ»-ի վաճառքի քրեական գործով։ Այդ գործում նախկինում ներգրավված էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։