ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 1 մլրդ դրամ։
Նշենք, որ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է ներկայացրել, որը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել։
«Հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 6 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 49 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ, ինչպես նաև 1 իրավաբանական անձում մասնակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին 2021 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախությանը օժանդակելու կամ այն կազմակերպելու, կաշառք ստանալու, ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտելու կամ ընտրող ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։
Նրան 2021 թվականի հուլիսի 10-ին կալանավորել էին, ապա դեկտեմբերի 18-ին որոշում էր կայացվել 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ 2022 թվականի փետրվարի 7-ին նրան կրկին կալանավորել էին, սակայն մայիսի 2-ին դատարանը որոշում էր կայացրել 50 մլն գրավի դիմաց ազատ արձակել Փարամազյանին։